ՀՀ փառապանծ իշխանությունները ՄԻԵԴ-ի որոշումներում գրեթե միշտ հայտնվել ու հայտնվում են պարտվողի կարգավիճակում: Հարց է առաջանում, լավ, ո՞ւմ և ինչի՞ համար են մեր բոլորիս՝ հարկատուներիս հաշվին սնուցվող, պահվող եռաստիճան դատարանները, որ այդպես էլ գրեթե չեն կարողանում սպառիչ պատասխան տալ ՀՀ քաղաքացիների հայցերին, և նույնիսկ ոչ մեծ հնչեղություն ունեցող դատավարություններում ՀՀ քաղաքացու տարրական իրավունքների ոտնահարման պայմաններում հարցը տեղափոխվում է մարդու իրավունքների եվրոպական դատարան, և այնտեղ վճիռների կայացման մեջ հիմնականում հաղթողը այն կողմն է, որ մեր «ժողովրդավարական» երկրի պանծալի եռաստիճան այդ համակարգը՝ դատական իշխանություններ կոչվածը, ՄԻԵԴ տեղափոխված գրեթե բոլոր հայցերում չէր բավարարել ՀՀ քաղաքացու պահանջը:
Հարցը, բացի բարոյական կողմից ու ազգային արժանապատվության գործոնից, ունի ևս մի կողմ՝ նյութական կողմը:
ՄԻԵԴ-ում դրական լուծում ստացած բոլոր Հայցերին ՀՀ իշխանությունները համապատասխան որոշումների շրջանակներում փոխհատուցվող գումարը վճարում են պետական բյուջեի՝ ասել է՝ հարկատուներիս հաշվին: Իսկ այդ պարագայում արդյո՞ք հարկատուներս՝ ՀՀ քաղաքացիներս ենք մեղավոր, որ այդպես էլ չունենք կայացած դատաիրավական համակարգ: Իսկ գուցե իրականո՞ւմ ենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս, մեղավոր այդ մեծ ու էական բացթողման մեջ: Եվ ոչ միայն այդ բացթողման, այլ շատ ու շատ ոլորտ-համակարգերի չկայացվածության մեջ: Ահա այստեղ է, որ հարցի պատասխանը միանշանակ այո կամ ոչ չէ, և պատասխաններ որոնելու դյուրին գործն այս դեպքերում պահանջում է բավականին տարողունակ, բազմաշերտ վերլուծություններ և պատճառահետևանքային կապի հիմքի վրա նոր միայն եզրահանգումներ անել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/800357856722078?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել