Շարունակելով նախորդ գրառմանս թեմատիկ շղթան, էսօր մոտս բուռն ցանկություն առաջացավ կիսվել հայրենասիրություն ասվածի մասին մտորումներովս, որովհետև առավոտվանից բավականին թեժ բանավեճերի մեջ էի հրապարակի ֆանտաններում ռուսական հիմնի պահերով։ Օրի օրի մոտս ավելի է արմատավորվում այն զգացողությունը, որ մեր հասրակության էական մասի մոտ հայրենասիրություն ասվածը նույնքան աղավաղված է, ինչքան քրիստոնեություն ասվածը ու էլի նույն խնդրին ենք դեմ առնում, երբ դեկլարատիվ ձևը, որն առաքինի է, ներքուստ դեֆորմացված է, իսկ որոշ տեղերում էլ՝ փտած։
Իմ խորին համոզմամբ, հայրենասիրությունը, ինչես ցանկացած սիրություն, պետք է դրսևորվի ոչ թե նրանով, որ դու սիրում ես քո հայրենիքը նրա համար որ ինքն ամենալավն է, վերջն է բոլոր բնագավառներում ու տիրույթներում, այլ պետք է սիրես իր ողջ առավելություններով ու թերություններով հանդերձ։ Ասել է թե «ամենալավությունը» պետք է բխի հենց քո սիրուց՝ այնքան եմ սիրում հայրենիքս, որ անգամ իր բոլոր թերություններով հանդերձ, ինքն իմ համար ցանկացած դեպքում ամենալավն է։ Սա իմ պատկերացմամբ առողջ և մաքուր մոտեցումն է, բայց ցավոք, ես հաճախ այլ տեսարան եմ տեսնում, երբ մարդիկ փորձում են սիրել երկիրը՝ իրենց ստիպելով հավատալ որ ինքը ամենալավն է ու ամենալավն է, որովհետև ամեն ինչում ամենալավն է։ Սա արդեն միախառնվելով փոքր ազգերի բարդույթին, տալիս է հիվանդագին արգասիքներ, երբ իբր հայրենասիրությունը բխում է իռացիոնալ դատողություններից։

Հասկանալի է, որ ցանկացած երեխայի համար իր մայրիկը ամենալավն է, ամենասիրունն է, ամենաքնքուշն է, բայց հասկանալի է նաև, որ միշտ էլ կարելի է ավելի սիրունի, ավելի քնքուշի ու այլ ամենայի գտնել ու առավել ևս հասկանալի է, որ մեկ այլ երեխայի համար, իր մայրիկ նէ այս բոլոր ամենաների կրողը։ Ասել կուզի սուբյեկտիվ ու էմոցիոնալ պատկերացումները չի կարելի դիտարկել որպես աքսիոմ ու սա կիրառելի է նաև հայրենասիրության պարագայում։

Հայրենասիրությունը չպետք է պայմանավորված լինի այնպիսի բաներով, ինչպիսիք են ուրիշ ազգերի կամ երկիրները չսիրելով, եղած ու չեղած տեղից քո հայրենիքի վաստակը համաշխարհային պատմության կամ մշակույթի մեջ գերագնահատելով ու առավել ևս չպետք է պայմանավորված լինի մանր-մունր բաներից մեծ աղաղակ բարձրացնելով։ Առհասարակ, եթե սիրո մասին է խոսքը գնում, ապա անտրամաբանական է, որ դրա դրսևորումը լինի դեստրուկտիվ ձևերով։

Մի խոսքով, եթե հայրենասեր ես, քո հայրենասիրությունը, ոչ էլ հայրենիքդ չեն վերանա ֆանտաններից հնչող օտար երաժշտությունից, քո կողքը հնչող օտար բառերից կամ նմանօրինակ այլ բաներից, որոնցից այդքան հաճախ բարձրանում է հիստերիկ ինչ որ ալիք։ Ամենքը յուրովի է սիրում, ինչպես հայրենիքը, այնպես էլ ինչ որ աղջկա/տղու, իսկ հենց ընկնում ես կեղծ դատողությունների գիրկը ու մոտդ պահանջ ա առաջանում դիմացինիդ ապացուցելու, որ ինքը իսկական հայրենասեր չի (խոսքը նորմալ մարդկանց մասին է), ապա մի պահ կանգ է պետք առնել ու մտածել, արդյո՞ք ճիշտ ուղղու վրա ես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել