Միանգամից ասեմ, որ չեմ պատրաստվում քննադատել Անմոռուկը՝ որպես Ցեղասպանության 100-րդ տարելիցի սիմվոլ։ Ինձ այն դուր է գալիս։ Կարգախոսն էլ վատը չէ, ու առհասարակ օֆիցիալ մակարդակում միջոցառման կազմակերպման ու սիմվոլիկայի ընտրության հարցում ես ոչ մի այնպիսի բացթողում չեմ տեսնում, որի համար կարելի էր սուր քննադատության ենթարկել կազմակերպիչներին։
Քննադատության ու այն էլ սուր քննադատության արժանի դրվագները ես տեսնում եմ հասարակությունում, և այդ դրսևորումներն ամենևին չեն հանդիսանում վերևներից եկող կարգադրությունների թերի կատարման հետևանք, դրանք ամենաիսկական «ներքևից» եկող նախաձեռնողականության դրսևորումներ են։
Նախ, խոսենք դպրոցների մասին։ Իսկական զզվանք են առաջացնում այն գեղցի ուսուցիչներն ու տնօրենները, ովքեր իրենց կարճ խելքով ու բացակայող ճաշակով աշակերտներին ստիպում են «Ծիծեռնակաբերդի» տարատեսակ մակետներ ու Անմոռուկի բազմապիսի վարիացիաներ պատրաստել։ Սա ինձ հիշեցնում է սովետի ժամանակ բոլոր հիմնարկներում առկա պարտիական կնանիքի վարքը, երբ ամեն ինչը պաթոսի էին վերածում, ու ուշքնումիտքները հերթական պաթետիկ տխմարությունն էր՝ Լենինին, Պարտիան կամ էլ Երկիրը գովաբանելու համար, որպեսզի պարտիական վերադասին հաճոյանան։ Նույնն էլ տեսնում ենք դպրոցներում։ ԿԳ-ն պետք է միանգամից աշխատանքից ազատի այն ուսուցիչներին ու տնօրեններին, ովքեր արդեն հասցրել են «Հերոսանալ» սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարների շնորհիվ, որպեսզի մյուս անճաշակները երկրորդ անգամ մտածեն իրենց ճչուն անճաշակությունը երեխաներին պարտադրելուց առաջ։ Թող գնան իրենց տանը Ծիծեռնակաբերդի ու անմոռուկի մակետներ պատրաստեն։
Առանձնակի զզվանք է առաջացնում նաև Անմոռուկի բիզնեսը։ Այ անաստվածներ, սա ինչ-որ հերթական հաջող բրենդը չէ, որով կարելի է գումար վաստակել։ Հիմա եթե խորհրդանիշ ընտրեին ոչ թե անմոռուկը, այլ, օրինակ, իր մորթված երեխայի վրա լաց լինող մորը, դուք էլի՞ շապիկներ, վզնոցներ, բրիլոկներ ու բաժակներ էիք պատրաստելու և վաճառելու։ Մի քիչ սրբություն ունեցեք, էդ փողը ծախսելու եք, գնա, իսկ նաև ձեր նախնիների հիշատակը եկամտի աղբյուր օգտագործելու խարանը հավերժ մնալու է ձեր վրա։ Չի կարելի այս աստիճան էժանացնել ամեն ինչ։ Վերագտեք ձեր մարդկայնությունը, ի վերջո թիթեռներ չեք, մի օր չեք ապրելու, բայց մի օրվա ձեր արածը հիշվելու է հավերժ։