Գիտե՞ք՝ որն է այլընտրանքային քաղաքական ուժի և ընդդիմադիր ուժի տարբերությունը: Չգիտե՛ք: Իսկ նախկինում այլընտրանք, իսկ հիմա արդեն պաշտոնապես ընդդիմադիր հռչակված ԲՀԿ-ի պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն արդեն գիտի և իր գիտելիքներով կիսվել է լրագրողների հետ՝ նրանց խորհուրդ տալով այսուհետ աշխատել հանուն հայրենիքի, իսկ ընդդիմությանն էլ կոչ է արել որդեգրել… պետական մտածողությամբ քաղաքականություն:
Մեծ ու փոքր միտինգներում խոսափող փնտրող և կրակոտ ելույթներ ունեցող պատգամավորն արդեն հասկացել է, որ այլևս անցել են մերկապարանոց քննադատությունների ժամանակները, և պետք է լուրջ մոտեցումներ դրսևորել և առանց հիմնավորման ելույթներ չունենալ:
Կարծում եմ՝ չեք առարկի, որ քաղաքական գործչի շուրթերով բարբառում է ճշմարտությունը: Բայց մի բան էլ ասեմ, միայն թե չընկնեք: Պարզվում է, որ վերոհիշյալ մտքերն անհիմն, մերկապարանոց, ոչ մասնագիտական քննադատությունների մասով վերաբերում են ընդդիմադիր գործընկերներին և ընդդիմությանն ընդհանրապես, որը մինչև հիմա արդյունք չի գրանցել և դոփում է տեղում: Իսկ դա, տնտեսագետ պատգամավորի դիտարկմամբ, բիզնեսի պես է՝ արդյունք չունես, կսնանկանաս:
Իսկ ինչ վերաբերում է իրեն՝ Միքայել Մելքումյանին, ապա իր իսկ համեստ կարծիքով՝ «…մինչև հիմա չեմ տեսել, որ իմ ելույթներին, որոնք մասնագիտական են, որևէ մեկը հակադարձի»:
Հ.Գ. Ոմանք կարծում են, թե ունեն խորը մտքեր, բայց իրականում ընդամենն ունեն անհարկի բարձր ինքնագնահատական: