Pastinfo.am-ը գրում է.

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանությունների գործով մեղադրյալներ Սարգիս Գրիգորյանին, Սարգիս Հախանումյանին և Վահան Հակոբյանին կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումների դեմ այսօր բողոք կներկայացվի վերաքննիչ դատարան:
 
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց մեղադրյալների պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանն, ով երեք մեղադրյալների պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ համատեղ: 
 
Լուսինե Սահակյանը հայտնեց, որ բողոքում իրենք միջնորդում են  վերացնել առաջին ատյանի դատարանի որոշումները, իսկ եթե Վերաքննիչ դատարանը գտնի, որ դրանք չպետք է վերացվեն, ապա պաշտպանները միջնորդում են թույլատրելի ճանաչել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը: Ի դեպ, պաշտպանները գրավ կիրառելու միջնորդությամբ հանդես էին եկել նաև առաջին ատյանի դատարանում, միջնորդությունը, սակայն, մերժվել էր:    
 
Լուսինե Սահակյանը ավելի վաղ «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ կալանավորման որոշումներն անհիմն են, քանի որ բացակայում են հիմնավոր կասկածն ու կալանավորման հիմքերը:    
 
 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանը (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ՝ սպանություն, և 235-րդ ապօրինի կերպով ձեռք բերված զենք, հոդվածներով՝ 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված սպանությունների գործով:
 
Նրանք, ի դեպ, համաձայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, մարտի 23-ին, ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն ներկայացել են ինքնակամ: 
 
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ սպանվել էին «Երրորդմասցի Լյովիկն» ու նրա մարդիկ՝ Դերոն եւ Մոսոն։ Վերջինս մահացել է տեղում, իսկ մյուս երկուսը՝  հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել