Երեկ հայտնի դարձավ, որ մեր հայրենակից Արթուր Ջանիբեկյանը նշանակվելու է «Գազպրոմ-մեդիա» հոլդինգին պատկանող միանգամից 4 հեռուստաընկերությունների ղեկավար։ Արթուրի ընտանիքի հետ միասին ու նրա ընտանիքից էլ առավել Արթուրի հաջողություններով այսօր ուրախանում է ողջ հայ ազգը, ու մենք ուրախանալու ու հպարտանալու մեծ առիթ ունենք։ Այս տղան իսկապես մեծ գործ է անում։ Ռուսաստանում շատերը հայերին սկսեցին այլ կերպ ընկալել հենց Արթուրի պրոյեկտներում արված հայկական հումորների ու հայերի կերտած դերերի շնորհիվ։ Այն, որ ռուս լավագույն հումորիստներն այսօր հայկական կատակներ են անում ու հայերեն բառեր են օգտագործում, Արթուրի շնորհքն է։ Ռուսական շուկայում հումորի հայկականացման հիմնական մեղավորը հենց այս տղան է, ու ես գլուխ եմ խոնարհում նրա առաջ։
Իհարկե, հայը հայ է, որտեղ էլ նա ծնված լինի ու որտեղ էլ աշխատի, բայց Արթուրն ինձ համար առանձնակի դեպք է։ Երևանում ծնված, հայկական դպրոց հաճախած ու ԵՊՀ ավարտած այս երիտասարդը Ռուսաստան գնալով չմոռացավ՝ ով է։ Նա այսօր էլ ամուր կապի մեջ է Հայաստանի հետ ու լայնամասշտաբ պրոյեկտներ է իրականացնում ի շահ հայրենիքի։ Արթուրը միշտ պահում է իր հայկականությունը հպարտորեն, չի ձուլվում, չի ռուսանում, ընդհակառակը՝ ստիպում է օտարին հարգել իր ազգային պատկանելիությունն ու հարգել հային։
Այս նոր պաշտոնը մեծ թռիչք է Ջանիբեկյանի համար։ Ուրախանում եմ, որովհետև գիտեմ, որ այն ոչ միայն իրեն, այլև մեր ժողովրդին է ծառայելու։ Նմանատիպ մարդկանց ցանկացած հաջողություն առաջին հերթին ազգինն է։ Հաջողություն եմ քեզ մաղթում, տղա՛ս, շարունակիր ուրախացնել մեզ։ Ստիպիր, որ միշտ հպարտանանք քեզանով։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1643611359202751&set=np.41736273.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել