Էն որ հա ասում ես՝ լավ, չգրեմ, բայց չի լինում, անհնար է։
Ուրեմն, երբ անմոռուկն ընտրվեց 100-րդ տարելիցի հիշատակման խորհրդանիշ, շատ-շատերը, այդ թվում ես, գոհ չէինք՝ հաշվի առնելով, որ այս ծաղիկն այլ երկրներում այլ առիթների ծառայել է որպես խորհրդանիշ, բացի այդ էլ, եթե անգամ անմոռուկն է, ապա ներկա տեսքն անկասկած դիզայների, ես շեշտեմ՝ լուրջ դիզայների միջամտության կարիք է զգում: Այնուհանդերձ, որևէ մեկը չանսաց, ինչպես և սպասվում էր, մեր դժգոհություններին:
Լավ դե հիմա դա է խորհրդանիշը, ուրեմն՝ դա է, այժմ անհնար է գործընթացը հետ տալ ու նոր բան մտածել, ունենք այն, ինչ ունենք, տարածվել է այն, ինչ ունենք:
Եվ ահա կարճ ժամանակ անց ծառացավ մեկ այլ խնդիր. մեր ազգին չգիտեմ թե որ ժամանակներից բնորոշ դարձած ծայրահեղության գործոնն աշխատեց նաև այս պարագայում՝ անմոռուկը սկսեց տեղի-անտեղի հայտնվել ամեն հավանական ու անհավանական տեղերում: Բացի այդ, անմոռուկով լուսանկարներում աղջիկները կարող էին տենչացող հայացքներով լինել, տղաները՝ գժական վիճակներում: Եվ ահա օր չի անցնում, որ ֆեյսբուքյան ակտիվ օգտատերի որևէ մեկի էջում չքննարկվի անմոռուկի հերթական անհասկանալի օգտագործումը: Ընդ որում, նմանատիպ բուռն քննարկումների հետևանքով արդեն իսկ առաջանում են անմոռուկի մոտիվն առհասարակ ծաղրող էջեր, նույնիսկ ես կասեի՝ չափից դուրս ստոր կերպով ծաղրող: Դա էլ մյուս ծայրահեղությունն է: Այսինքն՝ ստացվում է՝ ունենք երկու ծայրահեղություն՝ մեկը որտեղ ու ոնց պատահի, առանց գիտակցելու անգամ ինչի համար, անմոռուկներ է օգտագործում, ինչը, համաձայն եմ, երբեմն մարդու լաց է գալիս տեսնելիս, իսկ մյուս կողմը շատ սուր ծաղրանքի է ենթարկում այդ ամենը, սակայն իրականում ծաղրվում է խորհրդանիշը, ոչ թե այն օգտագործողները: Եվ այս քաոսում մարդիկ վերջնականապես մոռանում են, թե ի վերջո ինչի համար էր ընտրվել անմոռուկը:
Կարծում եմ՝ այդ քաոսի պատճառներից մեկն էլ այն է, որ որևէ համակարգող մարմին պաշտոնապես չի հայտարարել մինչ օրս, թե ինչպես ու որտեղ է կարելի կամ հարիր կիրառել անմոռուկը, իսկ որտեղ՝ ոչ: Օրինակ՝ ես, անկեղծ ասած, չեմ իմանում՝ արդյոք ճի՞շտ է անմոռուկն ամրացնել
1. շենքերի պատերին
2. ավտոմեքենաներին
3. անձրևանոցների վրա
4. կրել վզնոցի տեսքով
5. բաժակների վրա
6. որպես ֆեյսբուքյան էջի գլխավոր նկար։
Միակ բանը, որում համոզված եմ, անմոռուկը կարելի է կրել որպես կրծքանշան: Մնացյալ հարցերիս պատասխանները դեռ օդում են: Իրար ձեռ առնելու, քլնգելու փոխարեն եկեք հասկանանք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ ոչ այնքան, կամ գուցե այդ հարցերի պատասխաններն արդեն ինչ-որ տեղ արձանագրված կան, ուղղակի ես իրազեկված չեմ, լուսավորեք, իմանանք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/879968185403473?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել