Orer.am-ը գրում է․
Համացանցի այս դարում շատ կարևոր է մեդիագրագիտությունը և տեղեկատվական աղբյուրներից ճիշտ օգուտ քաղելը: Այս օրերին Ֆեյսբուք սոցիալական կայքի լրահոսում պարբերաբար հայտնվում են անհասկանալի և ստահոդ վերնագրերով հղումներ, որոնք պարունակում են տարբեր հայտնի մարդկանց մահվան մասին կեղծ տեղեկատվություն:
Այս ամբողջ ընթացում այդ կայքի զոհերն են եղել Սոս Ջանիբեկյանը, Աշոտ Ղազարյանը, Սամվել Կարապետյանը, Շուշան Պետրոսյանը, Անդրեն և այլք: Այսօր էլ տեղեկատվություն, կամ, ավելի ճիշտ, ապատեղեկատվություն տարածվեց այն մասին, որ մահացել է հաղորդավար Ավետ Բարսեղյանը, իսկ նրա կոլեգա Նազենի Հովհաննիսյանը ծանր վիճակում է:
Orer.am-ի հետ զրույցում Նազենի Հովհանիսյանը ժպտալով նշեց, որ առաջին անգամ է լսում moevideo.net կայքի անունը և, հետևաբար, որևէ կերպ չի վերաբերվում այդ կայքին: «Դուք լրագրող եք, ներկայացնում եք լրատվամիջոց, որը ես ճանաչում եմ, զանգում և ինձ հարց եք տալիս: Իսկ ի՞նչ կարող եմ ասել այն կայքի մասին, որի անունն անգամ դժվարությամբ արտաբերվեց: Ձեր տված հարցը տեղին կլիներ նորմալ կայքի պարագայում: Կարող եմ դատի տալ, բայց ցանկացած դատական գործընթաց հետաքրքիր է, երբ դիմացինդ արժեք է ներկայացնում իրենից: Եթե այն չկա որպես կայք, ինչո՞ւ վատնեմ ժամանակս: Բոլոր ժամանակներում էլ կան ասեկոսեներ, բամբասանքներ տարածողներ: Իմ գործը չէ նրանց կրթել ու վերափոխել»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը: