Օրերս հյուրընկալվել էի Երևանի Երկաթուղայինների փողոցում բնակվող ընկերոջս ու, բակում նստած, տարօրինակ գարշահոտ զգացի: Ընկերս խնդրեց հետևել իրեն ու ցույց տվեց փողոցի վերջում հոսող Զանգու գետը, որը լցված էր աղբով: Տեղեկացա, որ քանի որ աղբահանության հարցը փողոցում կարգավորված չէ, բնակիչները ստիպված աղբը գցում են գետը: Խոսելով բնակիչների հետ՝ տեղեկացա, որ տարիներ առաջ բնակիչները դիմել են աղբամաններ տեղադրելու խնդրանքով, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստացել:
Պարոն Մարգարյան, որպես մտահոգ երևանցի, կարծում եմ՝ սա ուղղակի անուշադրության ու բացթողման խնդիր է, և Ձեր լիազորությունների շրջանակում կարող եք շատ կարճ ժամանակում խնդիրը լուծել:
Մասնավորապես կարելի է առանձնացված տարածքներ հատկացնել ու աղբամաններ տեղադրել, որոնք առնվազն 2 օրը մեկ շրջիկ մեքենաները կբեռնաթափեն:
Սիրով՝ ՀՀ քաղաքացի,
«Հայազն» կուսակցության վարչության անդամ
Արմեն Մկրտչյան