Կարծես ամեն ինչ բարեհաջող էր ընթանում և՛ ծնողների, և՛ իր բնակարանը վաճառելուց, հինգ սենյականոց բնակարան գնելուց հետո, երբ դարձան մի մեծ ընտանիք՝ տատիկ-պապիկով, երեք երեխաներով՝ ութամյա Արմինեն, հնգամյա Ռոբերտը, չորսամյա Արթուրիկը դե ինքն ու կինը՝ Անահիտը…
Ճիշտ է՝ բնակարանն ութերորդ հարկում էր, բայց վերելակը աշխատում էր անխափան, ջուրն էլ էր բարձրանում:
Իրենք Արթուրիկի հետ քնում էին մեկ սենյակում, ծնողները մեկ այլ, Արմինեն և Ռոբերտն էլ ունեին իրենց սենյակները:
1
Ամեն ինչ սկսվեց մի երկուշաբթի օր, երբ առավոտյան սուրճ խմելու համար խոհանոց մտնելով տեսավ հորն ու մորը կարծես կազմ պատրաստ ինչ-որ տեղ գնալու:
Կինը քիչ ուշ էր արթնանում, պատրաստում երկրորդ բաժակ սուրճն ու ճանապարհում աշխատանքի, մինչ այդ ծնողները քնած էին լինում:
- Մա՞մ, պա՞պ, ի՞նչ է եղել, առավոտ շուտ:
- Ոչինչ տղա ջան, եթե կինդ չի ցանկանում մեր ներկայությունը մենք կգնանք քրոջդ մոտ ապրելու, բայց վախեցնել:
- Պապ, ի՞նչեր ես ասում, ի՞նչ վախեցնել:
Մայրը շարունակեց.
- Արդեն քանի տարի է, որ ես սովոր եմ, որ իմ ձեռնափայտը լինում է կողքս դրած, երեկ ձեռնափայտս հայտնվել էր հյուրասենյակում, ի՞նչպես:
- Դե միգուցե…
- Այսօր էլ հայրիկիդ կողքը դրած աթոռի վրա, որտեղ միշտ ծխախոտն է դնում, երկու կոտրված ծխախոտ էր, այն էլ թաց, դրան ի՞նչ կասես:
- Մա՛մ, պա՛պ, հո երեխա՞ չեք, Անահիտն ինչո՞ւ պետք է նման բան աներ:
- Էլ ո՞վ, ուրվակա՞ն կա այս տանը:
Ներս մտավ Անահիտն ու զարմացած նայեց հավաքվածներին:
- Ի՞նչ է պատահել, առավոտ շուտ, ինչո՞ւ եք հագնված կարծես հեռավոր ճամփորդության մեկնելիս լինեք:
- Խնդրեմ տղաս, լսեցի՞ր, իր բերանով է ասում:
- Բայց ի՞նչ ասացի որ, ինչո՞ւ եք այդպես ինձ նայում:
Իմանալով պատահածը՝ Անահիտը ծիծաղեց:
- Եթե ես գիշերը վեր կենայի պետք է անցնեի ձեր տղայի վրայով ու արթնացնեի, այնպես որ ուրիշ, խելքին մոտիկ բաներ հնարեք: Իմ մահճակալը պատին է կպած:
Ռոբե՛րտ, պայուսակդ հավաքիր ուշանում ենք, - խոհանոցից բղավեց ու դուրս եկավ:
Սենայկից լսվեց մոր աղջկա խոսակցությունը.
- Մա՛մ, Արթուրիկի կոշիկի թայը չգտա, ինքդ կհագցնես, ես Ռոբի հետ գնացի, չուշանանք:
- Ի՞նչ է նշանակում չգտա, մահճակալի տակ նայեիր, գժական օր է, լա՜վ գնացեք:
Երեքով ամբողջ տունը տակնուվրա արեցին, այդպես էլ կոշիկի թայը չգտան:
Երկուշաբթի էր:
2
Հաջորդ օրը չգտան Ռոբերտի սև գնդիկավոր գրիչն ու նրա թղթի վրա նկարած ավտոմեքենայի վրա հայտնաբերեցին գրիչով գծած սև գույնի մի ծուռումուռ կիսախաչ:
Երկու օր կարծես անցավ խաղաղ, բայց հինգշաբթի հյուրասենյակում՝ հեռուստացույցի վրա գտան Անահիտի կրծկալը:
Երեկոյան երբ երեխաները քնեցին չորսով խոհանոցում թեյ էին խմում:
Մայրը խաղաքարտերով ինչ որ բան էր գցում:
- Այդպես էլ գիտեի, խնդրե՜մ:
- Ի՞նչ, - երեք միաժամանակյա ձայներով ու վախեցած նայեցին մորը:
- Ղառի տասնոցն է դուրս գալիս, պոլթերգեյտս: Աստվա՜ծ իմ: Սա էր մեզ պակաս:
- Մա՛մ դա ուրիշ բան է, դա ձայների հետ է կապված, ի՞նչեր ես ասում:
- Ի՞նչ ձայն,- ասաց հայրը, - երբ պատուհանը բաց ենք քնում, էլ ի՞նչ ձայն:
- Պա՛պ, ութերորդ հարկում ենք ապրում:
- Կապ չունի, լսի՛ր հորդ, կամ հյուրասենյակի պատուհանն ենք փակում կամ թաց շոր փռիր տակը, ես լսել եմ: Հորդ լսիր:
- Իսկ ես ձայն լսել եմ, - ասաց Անահիտը,- կարծես մեկը զգույշ քայլում էր, վախից չկարողացա աչքերս բացել ու քեզ արթնացնել, կարծես դմրել էին ձեռքերս:
Սկեսուրը թարս նայեց հարսին:
- Դու ավելի լավ է քո խայտառակ շորերիդ տիրություն արա, վաղն էլ ինչ իմանաս որ մի շորդ կհայտնվի, մեղա քեզ Աստվա՜ծ, մեղա՜…
- Ինչո՞ւ խայտառակ, ի՞նչեր ես խոսում, դու չունես ինչ է՞:
- Ունե՛մ, իմս միշտ ինձ վրա է: Լա՜վ, դիմենք երրորդ հարկի Արշալույսին թող գա աղոթի, կարծեմ մի այսպիսի բան ունի, անունը «Գայլի բերան», խունկ է վառում ու…
- Մամ, վերջացրու, ամբողջ շենքով մեկ խայտառակվելու ենք:
Հայրը ոտքի կանգնեց:
- Չէի ցանկանում ասել, բայց ես իրոք գիշերը վեր եմ կացել, փակել պատուհանը, թե չէ չէի կարողանում քնել:
- Այս շոգին պատուհան չեն փակում, սա, նորից եմ ասում, բարձր հարկ է, դա ի՞նչ տվեց քեզ:
- Ինչ տվե՜ց, ինչ տվե՜ց, ակնոցս չեմ գտնում առավոտից:
Անահիտը ափով փակեց բերանը:
Սկեսուրն անընդմեջ խաչակնքում էր՝ աչքերը չռած սեղանին՝ ղառի տասանոցին:
Ստեղծվեց այնպիսի պահ, որ մեկ ավելորդ ձայն կարող էր մահացու հարված հասցնել:
Հենց այդ պահին էլ հնչեց դռան զանգը:
Անահիտն աթոռից ընկավ, սկեսուրը մի խոր շունչ քաշեց ու…փակեց աչքերը:
Հայրը դողում էր նստած տեղում:
3
Ներս եկան քույրն ու փեսան:
- Մամ ջան, ի՞նչ է եղել, հեռախոսով ձայնիցդ հասկացա, որ վատ եք:
- Նուն ջան, պոլթերգե՜յթս, մեռած ենք թաղած չենք:
- Դա ի՞նչ է մամ ջան սրտի հետ է կապվա՞ծ, թե ուրիշ…
- Ավելի վատ, դա որբ երեխայի ուրվականն է, ընդ որում սոված, տեղավորվել է մեր տանը, կորա՜ծ ենք:
Փեսա Վանիկը սկսեց ծիծաղել:
- Կատակի ժամանակ եք գտել, մենք էլ շտապեցինք:
- Էլ դրանից էլ կարգին բա՞ն, - հայրը խիստ աչքերով նայեց փեսային:
- Լավ, սկսեք սկզբից առանց մանրուքները բաց թողնելու:
Երբ պատմությունը հասավ գագաթնակետին, ծայրագույն լռության պայմաններում դանդաղ սկսեց բացվել ննջարանի դուռը:
Վեց զույգ հասուն աչքեր դարձան բազմաթիվ վախի կտորներ ուղղված դռանը:
Հանգիստ դուրս եկավ Արթուրիկը ու աչքերով փնտրելով մորը ասաց.
- Մա՛մ, չիշիկ ունեմ:
- Ուրեմն այսպես, հիմա բոլորդ գնում եք ձեր սենյակները, դուրս չգաք, ես իջնում եմ, ավտոմեքենայումս դրա միջոցը կա, բերում եմ տեղադրում ու Նունեի հետ մենք գնում ենք: Վաղն ամեն ինչ կպարզվի:
- Մեզ թողո՞ւմ եք Վանիկ ջան, բա ո՞նց կլինի:
- Այսօր էլ մնացեք, լավ կլինի:
Չնայած Վանիկը գիտեր, որ որվականները տեսախցիկներում չեն նկարահանվում, այլ միայն իրերի շարժն է նկարահանվում, բայց ավտոռեգիստրատորը, շարժման տվիչի ռեժիմում տեղադրեց պահարանի վրա՝ այնպես, որ հյուրասենյակում ցանկացած շարժ նկարահանվի ու գնաց:
4
Հաջորդ առավոտը կարծես թե անցավ խաղաղ, ոչ մեկը չէր բողոքում ինչ որ իրի տեղաշարժից կամ պակասությունից, բայց անհամբեր սպասում էին Վանիկին:
Երեկոյան Վանիկը եկավ, բերեց իր Նոութբուքը:
Բարձրացավ անջատեց ավտոռեգիստրատորը, դանդաղ հանեց չիպը, տեղավորեց համակարգչի մեջ, նորից առանց շտապելու մի ծխախոտ կպցրեց նոր միացրեց տեսագրությունը:
Գիշերվա ժամը 3-ին մոտ հանկարծ ռեգիտրատորի կարմիր լույսը սկսեց թարթել սկսվում էր ձայնագրությունը:
- Բայց շարժ չկա, ինչո՞ւ է ձայնագրում:
- Նայիր ձեր դռանը:
Պարզ երևում էր Անահիտենց ննջարանի դռան բռնակի դանդաղ իջնելը:
Բոլորի մտքում մի հարց էր թե ի՞նչպես էր այդ օտար երևույթը պատուհանից հասել դռանը:
Հետո սկսեց ավելի դանդաղ բացվել դուռը:
Ներսից դուրս եկավ Արթուրիկը՝ ձեռքին այն մնացած կոշիկի թայը, մոտեցավ բաց պատուհանին ու շպրտեց դուրս…
Ս.Ումառ-Հարությունյան