Ծառերը «խուզում» են, աղբը՝ թողնում։
Արդեն մի քանի օր է՝ Վանաձորում էկոլոգիական «ահաբեկչություն» է իրականացվում Տիգրան Մեծ պողոտայի վրա. ծառերը գրեթե կիսով չափ «թրատում» են, ու մարդիկ ցավով նկատում են, որ բողբոջած ճյուղեր էլ են ընկնում կացնի տակ: Վերջին մի քանի տարիներին արդեն «օրինաչափություն» է դարձել. հատկապես Տիգրան Մեծ կենտրոնական պողոտայի վրա ծառերի գաճաճացում է տեղի ունենում. իբր արտասահմանյան ինչ-որ քաղաքից ընդօրինակված «առաջավոր» փորձ է, որ Երևանում էլ է տեղի ունենում: Իսկ պարտադիր է՞, որ ամեն ինչն ընդօրինակենք արտասահմանից ու հատկապես վատը, է թող արտասահմանը մեզնից մի բան ընդօրինակի՝ գոնե հազվագյուտ մի լավ բան... Փաստորեն, ոչ միայն մարդկանց թթվածինն է պակասում, քանի որ կանաչն է պակասում, այլև մարդիկ զրկվում են Աստծո տված հովանուց արևից ու անձրևից պաշտպանվելու դեպքում: Հետաքրքիր է, ինչո՞վ էր այդ ծառերի հասակը խանգարում, եթե արդեն իսկ մի քանի անգամ լավ «խուզել» էին, ու այն ծառերից չէին, որ ասենք, թե մտահոգություն կար, որ մարդկանց գլխին կարող էին ընկնել հնարավոր ուժգին քամուց: Հարցի մյուս կողմն էլ այն է, որ փնթի էտում է կատարվում. արդեն մի քանի օր է՝ ծառերի հատված ճյուղերը Տիգրան Մեծի որոշ հատվածներում ավտոճանապարհի մի հսկայական մասն են բռնել, տեղ-տեղ էլ՝ մայթերը, ինչն էլ խանգարում է երթևեկությանը: Մարտի 30-ի կեսօրվա դրությամբ քաղաքի կենտրոնական փողոցի մի մասը բացօթյա ցախանոցի էր վերածվել, ու զարմանալին այն է, որ գոնե փայտ վառողները չէին հավաքում-տանում՝ տները տաքացնեն. երևի կամ ալարում են, կամ մտածում են, որ համայնքապատկան գույք է: Հնարավոր է, որ վառելու համար էլ շատ չէ պիտանի, քանի որ մատղաշ ճյուղեր են. ամեն դեպքում թղթի համեմատ առավելություն են: Իսկ կյանքի հատակում գտնվողներից ոմանք, աղբարկղերն ընկած, թուղթ ու կարտոն են հավաքում, որ տանեն, վառեն: