bleyanՄարտի 28-ին Թիֆլիսից Երևան ուշ հասանք. իմացաք: Երևան-Բանգլադեշ-Մեդիակենտրոն մեր երեք ավտոբուս-միկրովատոբուսները հաջողությամբ հասան, երբ իրիկունը 9-ի, 10-ի արանքում էր:

Մեր թիֆլիսյան շրջագայության վերջին՝ չորրորդ օրվա մասին սիրով-ամբողջական կպատմեմ վաղվա իմ գրում՝ թվով 283-րդ: Կիրակի է. ես մեղավոր չեմ, որ համացանցն աղքատ էր կարևոր իրադարձություններից. ոչ մի կերպ թոփ-ի արժանի նյութեր չհավաքվեցին: Թերևս այս մեկը, որի վրա Նառա Նիկողոսյանի ուշադրությունն եմ հրավիրում` Եվրոպայի 10 պատմական քաղաքներ, որոնք պետք է այցելել կյանքում գոնե մեկ անգամ: Որքան էլ անվիճելիորեն հայտնի քաղաքներ են ընտրված, ես օրինակ դրանցից ոչ մեկում չեմ եղել: Միևնույն է` ընտրությունը կամայական է, օրինակ, իմ, մեր, մեր վարժարանի Սուրեն Կարապետյանի սիրած Թբիլիսին չկա: Յուրաքանչյուրս կազմենք մեր ճամփորդական թոփը: Երաժշտությունը, իսկական հայ երաժշտությունը,  երգչախումբը, իսկական  հայ երգը տարածելը, այդ գաղափարով համակվելը իսկական ճամփորդական նախագիծ է, որ հնարավոր-հարմար կդարձնի ճամփորդությունը… Մեր ունեցած սահմանափակ նյութական միջոցները կարելի է լրացնել մեր չօգտագործվող անսահմանափակ միջոցներով` իսկական հայկական մշակույթի տարածումով:

Ու ես իմ գրի-պատումի  անընդհատությունը պահելու, Շուշան Բլեյանին սկայպով տված խոստումս կատարելու համար (Շուշանը համացանցում լսել էր մի կտոր և հավանել էր մեր երգչախմբի կատարումը) սկսեցի գրել թիֆլիսյան մեր ճամփորդության ամենակարևորի մասին: «Բրոյի-բրոյի» հայ-վրացական միասնական մշակութային անիվների վրա (մոբիլ) համույթի ստեղծման ոչ միայն գաղափարը ողջունվեց-ընդունելի եղավ երկու կողմի համար էլ, այլև մեր երկու կողմի համերգային գործունեությունը Թբիլիսիում՝ Գլդանի թաղամասի դպրոցներում, Ազատ և Ագրո համալսարանների դահլիճում, Հավլաբարի Սբ. Էջմիածին հայկական եկեղեցում, ճանապարհին, դադարների ժամանակ այդպիսին եղավ: Ինչու «Բրոյի-բրոյի» կամ շարան-շարան. դա Սայաթ Նովայի սիրելի, մեր կողմից շատ կատարվող, մատչելի խմբային երգ է…  Մեզ միավորեց իսկական հայկական երգը, իսկական հայկական երգ-պարը սիրելի, յուրացնելի եղավ թիֆլիսցիների, մեզ հանդիպած բոլոր վրացիների համար, խանդավառության-միասնության պարգև դարձավ ամենուր: Ե՛վ Կոմիտասը՝ իր աշխարհիկ ու հոգևոր երաժշտությամբ, և՛ Սայաթ-Նովայի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, պարզապես լավ քաղաքային հայ երգերը ժողովրդական՝ շարան-շարան, մեզ՝ հայերիս ու վրացիներիս մեկ դարձրին, անջատ պահելով հայկական կոչված երաժշտական համարվող խայտառակությունից, ամոթից: Վրացի տարատարիք մարդիկ` սովորողներ, ուսուցիչներ թե ծնողներ, Սեյրան Ավագյանի, մաեստրո Հարություն Թոփիկյանի խմբավարությամբ հաճույքով ու հաջողությամբ սովորում էին իսկական երգերը… Նույն ազդեցությունն ունեցավ իսկական վրացական երգի` մեր կատարումը: Իսկական երգը ժողովուրդների բանուկ կամուրջ դարձավ այսօր:

Ես խնդրեցի Նառա Նիկողոսյանին այդպիսի համերգային կիրակնօրյա մի շարք անել՝ «Համերգ Թիֆլիսում…» համեցե՛ք:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել