Գիշեր: Համակարգչիս առաջ աչքերս արդեն մտովի անկողին են պատկերացնում բայց ոչ, աչքերս չպետք է փակվեն: Ժամին եմ նայում: Երեքն է: Ինձ քնելու համար մնացել է չորս ժամ:
Ես դեռ չեմ մահացել: Համենայն դեպս դրա մասին ինձ հուշում են սառը անկողինս ու չփակվող աչքերս: Դեռ զգում եմ` սառնություն եմ զգում: Աչքերս էլ պետք է փակվեն միայն չափազանց հոգնելու դեպքում: Իսկ հիմա սպասում եմ մտքերիս տարափին, որոնք երկար ժամանակ ուղեղումս պտտվելուց հետո միայն կստիպեն, որ աչքերս փակվեն: Իսկ հիմա...
Հիմա ծխել եմ ուզում: Մի բան, որը կմտնի ներսս, կփորփրի այն բոլոր հնարավոր տեղերը, որտեղ "Դու" դերանուն կա: Ծուխը քեզ հետ միասին դուրս կգա ներսիցս ու երևի կազատվեմ քեզնից: Սկզբում դժվար կլինի: Արմատներդ շատ խորն են` հոգումս, սրտումս: Կխեղդվեմ առաջին ծուխը անելիս: Դժվար կլինի: Իսկ հետո...
Իսկ հետո քանի տուփ, քանի հազար ծխախոտ ինձ անհրաժեշտ կլինի, որ մինչև վերջ ազատվեմ քեզնից: Բազմաթիվ: Ես կանեմ դա: Կընկնեմ նոր կախվածության մեջ: Ամեն մի նոր ծուխով կզգամ, որ լքում ես ինձ: Ամեն մի նոր ծուխով քեզնից մի մասնիկ կհեռանա ինձնից: Ու թող դա տևի տարիներ, բազմաթիվ տարիներ: Թող հենց ծխախոտի միջոցով մոռանամ անունդ: Միայն թե մոռանամ:
Հենց դա եմ ուզում: Կհենվեմ սառը պատին, որ զգամ դեռ չեմ մահացել, կողքիս կլինի դառը սուրճ, չնայած որ ատում եմ դառնությունը, ու կծխեմ...
Լուսացել է: Աչքերս չփակվեցին: Դեռ չեմ մահացել: Դրա մասին ինձ հուշում է զարթուցիչիս ձայնը: Ժամին եմ նայում: Յոթն է: Ինձ քնելու համար ոչ մի ժամ չի մնացել: Երանի թե քեզնից իմ մեջ ոչինչ մնացած չլիներ: Գրողը տանի ծխել եմ ուզում...
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/10/blog-post_19.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել