Անդարձությու՜ն... Ցավալի ու սարսափելի փաստ, որ մեզանից շատերն են ստիպված ընդունել իրենց կյանքում... Ցավո՜ք, կյանքում կան են բաներ, որ լոկ մեկ անգամ են լինում, կան պահեր, որ լոկ մեկ անգամ ես ի զորու ունենալ, կան զգացմունքներ, որ լոկ մեկ անգամ և մեկի հանդեպ ես ի զորու ապրել...և հնարավորություն, որ լոկ մեկ անգամ օգտագործել...
Մեր միտքը անվերջ կառչում է անցյալի հետ մեզ կապող կապանքներից և փորձում մտովի բաց չթողնել, պահել, պահպանել այն, ինչ միայն մերն է, ինչ երբեք չեն կարող խլել մեզանից` Սերը, սպասումները, կարոտը, հույսը, սիրո թրթիռը` սիրելիի հետ առընչվող յուրաքանչյուր պատրվագից... Եվ սա նրա համար, որ գուցե օրերից մի օր կպարզվի, որ մենք չենք սխալվել, որ զուր չէր ամենը, որ օրերից մի օր...
Այսօր հասկանում եմ, որ կյանքում ոչինչ հնարավոր չէ ետ բերել` ոչ ժամանակը, ոչ սպասելիքները և ոչ էլ հնարավորությունը... Գալիս է պահ, երբ հասկանում ես, որ պետք է ուղղակի շարժվել առաջ, ինչքան էլ դժվար և ցավալի լինի, քանզի դա միակ ելքն է մնում` Նրան ապացուցելու համար, որ դու ուժեղ ես, որ քեզ համար միևնույն ու նույնիսկ ուրախալի է այն փաստը, որ Նա նշում է, որ ուզում է ընտանիք կազմել, որտեղ դու ոչ մի դերակատարություն չունես...
Ու նույնիսկ երբ աշխարհը շուռ է գալիս գլխիդ լոկ այդ մտքից, ուզում ես կանգուն մնալ. Չէ՞ որ Նա թույլերին չի սիրում...
Անդարձությու՜ն... Ինչքա՜ն փոքր ենք մենք` մարդիկ, ինչքա՜ն անզոր, երբ տեսնում ենք, որ մեզ համար ամենացանկալի ու տենչալի երևույթներից ներքև ենք կանգնած, երբ հասկանում ենք, որ ոչինչ չի մնում համակերպվելուց բացի...
Անդարձությու՜ն, ինչու՞ ես այսօր ընտրել ինձ, ինչու՞ ես փորձում պղտորել այսօրվա հանգիստս անցյալի անհաս երանգներով, ինչու՞ ես այդպես խեղդում ինձ այսօր, ինչու՞ ես մտքերս խառնում ու ինձ ետ տանում կյանքիս ապրած այն օրերը, ինչու՞ ես ստիպում կանգնեցնել ժամանակն այսօր ու շարժվել հակառակ ուղղությամբ` հուսալով, որ միգուցե լինում են երկրորդ հնարավորություններ...
Անդարձությու՜ն...թող որ կորցնեմ քեզ այսօր...
Անի Հարությունյան