Մարդիկ պարբերաբար փոխանակվում են ինֆորմացիայի շատ կարևոր մի տեսակով: Այդպիսի ինֆորմացիայով փոխանակվելու համար նույնիսկ անհրաժեշտ չէ, որ մարդիկ լինեն ծանոթ: Այդ տեղեկատվությունն ինքնաբուխ է, իմպուլսային և հզոր, քանզի չունի բացատրություն կամ տրամաբանություն, իսկ ինչ չունի բացատրություն կամ տրամաբանություն, արդեն իսկ հզոր է, քանի որ անբացատրելի է և անտրամաբանական, որովհետև հզոր է... Մարդիկ, մարդկային գիտակցության զանգվածը, որ անկանոն շարժման մեջ է գտնվում որևէ հարաբերականորեն փակ տարածքում, օրինակ` քաղաքում, գեներացնում է ինքնաբուխ և ինչպես վերը քննարկեցինք` հզոր մտքեր: Օրինակ` շոգ ա, ցրտեց, ինչ ամպեր ա, կեղտոտ փողոց ա, լավ չեմ, սոված եմ, հոգնեցի... և այսպես շարունակ: Մարդիկ իրենք իրենցով գեներացնում են նման մտքեր, որոնք խիստ օբյեկտիվ են և արտահայտում են դրանք` ստեղծելով ՀԶՈՐ ինֆորմացիոն և էմոցիոնալ ֆոն, որը, ինչպես տեսնում եք, բացասական է: Ավելի շատ բացասական է, քան դրական: Մարդիկ շատ քիչ են գեներացնում նմանատիպ ինքնաբուխ և իմպուլսային դրական մտքեր և գեներացնելու դեպքում էլ ոչ միշտ են դրանք արտահայտում, փոխարենը, ասենք, վերելակում հարևանին հանդիպելիս կարող են ասել` շոգ ա, հոգնած մեռնում եմ: Կամ ասել նույն բանը աշխատանքի վայրում, ընկերներին տեսնելիս, փաստացի` անընդհատ: Իսկ դուք նույնիսկ չեք էլ պատկերացնի, թե ինչքան լավ թեյ եմ ես հիմա խմում, ուղղակի հոյակապ է, ու եղանակն էլ, հապա մի դուրս նայեք` ընտիր է, ինչպես լավագույն դրախտներում: Տեսնում եք: Նստած տեղս, համարյա չեղած տեղից` ես գեներացրեցի երկու-երեք լավ միտք, իհարկե` վերը շարադրվածի բացասական ֆոնի վրա... Բայց դա արդեն կարևոր չէ, քանի որ օրը, իրոք, լավն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել