Ամեն առավոտ ճանապարհորդությունը սկսվում էր նույն տեղից՝ ջահից:
Աչքերի ճանապարհորդություն էր:
Սկսվում էր ջահից, անցնում առաստաղի մյուս մասերով, իջնում պատից կախված կնոջ նկարի վրա, մի պահ կանգ առնում, հիշում, որ կոկորդը չորացած է, ջուր տվող չկա, հետո նորից շարունակվում:
Հաջորդ պատի վրա Ամերիկայում մշտական բնակվող դստեր նկարն էր՝ իր երկու դպրոցական երեխաների հետ միասին, որոնց նա չէր տեսել:
Գիտեր, որ ճանապարհորդելու հաջորդ կանգառը ժամացույցն է, միակ աշխատող իրը սենյակում, այսինքն միակը չէր աշխատում էր նաև իր սիրտը՝ դեռ աշխատում էր:
Վերջին հարաբերական կանգառը իր տղայի՝ Վահրամի նկարն է, լուսանկարված մանկական տարիներին, ուրախ, ժպտացող:
Վերջին կանգառը ամսագրերի սեղանին դրված բջջային հեռախոսն էր, որը Վահրամի կողմից նվիրվելուց հետո զանգել էր ընդամենը մեկ անգամ, երբ տղան փորձել էր հեռախոսն ու բացատրել թե ինչպես օգտվել:
Անցել էր երեք ամիս ու հեռախոսը այդպես էլ զանգեր չէր ընդունել:
Փողոցում դիմացից մի հասակակից կին էր գալիս թոռան ձեռքը բռնած, երևի խանութից, քանի որ փոքրիկը ձեռքում բռնած ծամոնի տուփից աչքը չէր հեռացնում:
- Անհամբերն է, ինչո՞ւ չի ծամում:
- Փողոցում չի կարելի, համ էլ թող դիմանա, տղա՛ է:
- Չէի՞ք ասի, բջջային հեռախոսներ որտեղ կարող եմ ստուգել տալ:
- Այն խանութի կողմից իջեք ցած, ավտոբուսների վերջին կանգառում կետ կա:
- Շնորհակալ եմ: Ինչո՞ւ վերջին, միգուցե սկի՞զբն է:
Կինը գլխով արեց, երևի մտքում ասաց թե - այ բիձա քո ինչին է պետք հեռախոսը,
հայ-հայդ գնացել վայ-վայդ է մնացել:
Կետը սպասարկում էին երեք աղջիկներ՝ մեկը գեղեցիկ, մյուսն ավելի գեղեցիկ, երրորդն իրեն գեղեցիկ չէր համարում երևի դրա համար էր այդքան տխուր աչքերով:
Հարգեցին տարիքը, անհերթ մոտեցավ ամենագեղեցիկ աղջկան:
- Հայրիկ ջան ի՞նչ է եղել, մուծո՞ւմ ես, ասա համարը:
- Ո՜չ, ես երբեք չեմ մուծել, իսկ պետք էր մուծե՞լ, տղաս ոչինչ չի ասել:
- Համարդ ասա:
Գլուխը շարժելով սկսեց համակարգչի վրա ինչ որ բան հավաքել:
- Ո՛չ, հայրիկ պարտք չունես: Կանոնավոր մուծվում է:
- Վահրա՜մս…
- Մի քիչ արագացրու, հերթ է, ի՞նչ ես ցանկանում:
- Զանգ չի գալիս, լուռ ընկած է արդեն երեք ամիս:
Աղջիկն իր հեռախոսից հավաքեց համարը, զանգը բարձր լսվեց ու շարժեց հերթում կանգնած մարդկանց ժպիտը:
- Նորմալ է, գնա հայրիկ ջան, հերթը սպասում է:
- Աղջիկ ջան իսկ կլինի՞ այնպես անես որ ինչ որ կոճակ սեղմեմ ու զանգ գա, որ լսեմ զանգը: Խոստանում եմ, չեմ պատասխանի:
- Ես ֆոկուսնիկ չեմ հայրիկ ջան, - բարձրաձայն ասաց աղջիկը իսկ ավելի ցածր ձայնով,
- Օ՜ֆ, էս ցնդած բիձեքից պրծում չկա:
Լսեց, մի քիչ հեռացավ, տեղ տալով հերթը զիճած տղամարդուն:
- Երիտասարդ ժամանակ իմ կինն էլ քեզ նման գեղեցիկ էր, բայց բարի, չարությունից կկորցնես հմայքդ, ափսոս չէ՞:
Մարդը հասել էր այն պատուհանին որի ետևում իրեն գեղեցիկ չհամարող աղջիկն էր, որին էլ դիմեց ավելի գեղեցիկ աղջիկը:
- Պապիկի հեռախոսում բուդիլնիկ միացրու թող ամեն օր զանգի:
- Տո՛ւր հեռախոսդ պապի ջան: Հիմա մի բան կանենք: Այսպե՜ս, ուրեմն բլոկնո՜տ, ահա, հարևան Անուշ, Վահրամ, շտապ օգնություն, բժիշկ Ռիմա: Չորս հոգի են, պապի ջան, ո՞ւմ զանգին ես սպասում, լա՜վ հասկացա: Հանգիստ գնա կզանգեն, խոստանում եմ:
- Ապրե՛ս աղջիկ ջան, որ գար ավելի լավ կլիներ…
Շենքի մուտքին դեռ չէր հասել երբ հեռախոսը զանգեց:
Ժպտաց, գիտեր զանգողի ով լինելը, միացրեց հեռախոսն ու միանգամից պատասխանեց.
- Դեռ չեմ հասել, աղջիկ ջան, ամեն ինչ լավ է, այո, արդեն բարձրանում եմ աստիճաններով, ապրե՜ս:
Ամեն առավոտ ճանապարհորդությունը սկսվում էր նույն տեղից՝ ջահից:
Աչքերի ճանապարհորդություն էր:
Սկսվում էր ջահից, անցնում առաստաղի մյուս մասերով…
… Վերջին կանգառը ամսագրերի սեղանին դրված բջջային հեռախոսն էր…
… Հեռախոսը զանգում էր, աչքերը շտապում էին հասնելու վերջին կանգառին՝ հեռախոսին:
Չնայած գիտեր՝ ով է զանգողը, (Վահրամս կգա ու կտեսնի, որ հեռախոսիս զանգ է եկել) բայց համոզված չէր, որ կկարողանա վեր կենալ ու մոտենալ հեռախոսին, միգուցե աչքերը մինչև անօգնական փակվելը հասնեին, բայց վստահ էր, որ ինքը չի կարող, ինքն արդեն հասել էր իր վերջին կանգառին: