Interpress.am-ը գրում է.
Չինաստանի տնտեսական հմայքը փորձության է ենթարկում Ռուսաստանի ավանդական գերակայությանը Կենտրոնական Ասիայում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Խորհրդային Միության փլուզումը բնութագրել է որպես 20-րդ դարի «մեծագույն աշխարհաքաղաքական աղետ»: Ռուս պահպանողական, ազգայնական Պուտինը ափսոսանք է հայտնել հին Խորհրդային Միության խորտակման համար ոչ այն պատճառով, որ զղջացել է կոմունիզմի անհետացումը, այլ բազմաթիվ ու խոր տնտեսական, լեզվական, սոցիալական և մշակութային կապերի խզման համար, որոնք միավորում էին հին ԽՍՀՄ կազմում գտնվող տասնհինգ հանրապետությունները: Այդ կապերը նա ձգտում է վերականգնել, ստեղծելով, այս անգամ, ավելի ընդարձակ վերազգային միավորում, քան հին դաշնային կառույցն էր, որը տասնհինգ ազգային պետություններին ներառել էր մեկ կոմունիստական «պետության» մեջ:
Եթե նույնիսկ նախկին Խորհրդային Միությունում ապրող ժողովուրդների մեծ մասը չէր ընդունում այս մոտեցումը, ապա որոշակի համակրանքով էր վերաբերում, մինչև Ուկրաինայի արևելյան ռուսալեզու շրջաններում Ռուսաստանի ղեկավարության աջակցությամբ բարձրացված ապստամբությունը:
Օրինակ, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գրեթե երկու տասնամյակ համառորեն առաջ էր մղում հետխորհրդային տարածքում մաքսային միության գոյությունն առանց Ռուսաստանի ճնշման: Նրա ջանքերը վերջապես հանգեցրին հունվարին Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պաշտոնական մեկնարկին: Միության կազմում են Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը որպես հիմնադիր անդամներ, նախկին խորհրդային երկրներից Հայաստանին գայթակղեցին հետևել իրենց:
ԵՏՄ-ի կազմի այդ երեք պետություններում ապրում է 173 միլիոն մարդ, իսկ նրանց ընդհանուր ՀՆԱ 2.4 տրիլիոն դոլար է: Բայց նրանք բոլորն ունեն բարձր մակարդակի կոռուպցիա և պետական միջամտություն տնտեսությանը: Հարց է առաջանում, արդյոք այդ տարաձայնություններով լի կառավարություններն իրենց անարդյունավետ չինովնիկներով ու փխրուն ավտորիտար ռեժիմներով կարող են ինտեգրվել ճեղքերի վրա հիմնված Եվրասիայի շուկայական տնտեսությանը:
Կազմակերպությունն արդեն վստահության խնդիր ունի Եվրոպայում, Վրաստանը, Ուկրաինան և Բալթյան երկրներն էլ հակվել են դեպի Արևմուտք, իսկ Ադրբեջանը զգուշորեն քայլում է ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Թերևս ավելի զարմանալի է այն փաստը, որ տնտեսական զարգացման ցածր մակարդակ ունեցող և Արևմուտքի շահութաբեր շուկաներից աշխարհագրական մեծ հեռավորության վրա գտնվող միջինասիական հանրապետությունների մեծ մասը զսպվածություն է ցուցաբերում: Պետք է ենթադրել, որ ԵՏՄ դժվար ներգրավի նախկին խորհրդային այլ պետությունների, բացառությամբ Ղրղզստանի և Հայաստանի:
Այս դժկամությունը պատճառաբանվում է ԵՏՄ-ի առավելությունների հանդեպ եղած թերահավատությամբ, Կենտրոնական Ասիայի ավտորիտար կառավարությունները նաև վախենում են, որ այն կարող է խաթարել իրենց անկայուն լեգիտիմությունը: Կարևոր է հիշել, թե ովքեր են ԵՏՄ-ից դուրս և ովքեր են նրա կազմում: Չնայած նրան, որ քարտեզի վրա ԵՏՄ-ն Եվրոպայից տարածվում է մինչև Խաղաղ օվկիանոս, այն միտումնավոր չի ներառում Ասիա-խաղաղօվկիանոսյան ամենակարևոր պետությանը` Չինաստանին:
Նախատեսված է նվազեցնել դեպի ծով ելք չունեցող Ղազախստանի բարձր տրանսպորտային ծախսերը, ապահովել հավասար մուտք դեպի Ռուսաստանի և Բելառուսի երկաթուղային ցանցերը, ստեղծել տրանսպորտային ուղիներ, որոնք կամրապնդեն եվրոպական ու ասիական առևտրային կապերը: Սակայն Ղազախստանի և սահմանակից Չինաստանի` աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության հետ, խիստ սակագնային խոչընդոտները կպահպանվեն:
Չնայած Պուտինը Չինաստանի հետ համագործակցում է ոչ արևմտյան միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին Շանհայի համագործակցության կազմակերպությունն է, բայց անվտանգության ոլորտում: Նա ընդունում է, որ Ռուսաստանին տնտեսական վտանգ է սպառնում ոչ թե արևմտյան, այլ հարավային մրցակից պետությունից:
Լավ օրինակ է Կենտրոնական Ասիայի հարավային պետության՝Տաջիկստանի իրադրությունը: Ըստ Համաշխարհային բանկի, այն տարածաշրջանի ամենաաղքատ հանրապետությունն է: 1990-ից սկսված քաղաքացիական պատերազմի պայմաններում տնտեսությունը պահվում է Ռուսաստանում աշխատող տաջիկների ուղարկած դրամական փոխանցումների հաշվին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ