Ես չեմ կարծում, որ աշխարհում կգտնվի գեթ մի ծնող, որն անբուժելի հիվանդությամբ տառապող զավակին բուժելու ամենաչնչին հույսի դեպքում պատրաստ չլինի ողջ ունեցվածքը կորցնելուն:
Վերջին օրերին տեղեկացա երկու իրար շատ նման դեպքերի մասին: Մի դեպքում ընտանիքի հայրն է առողջական ծայրահեղ ծանր վիճակում, մյուսում` ընտանիքի զավակը: Երկու դեպքում էլ վիրահատությունները, որոնց արդյունքներն անգամ բժիշկների կողմից որևէ հույս չեն ներշնչում, կապված են ահռելի մեծ ծախսերի հետ: Երկու ընտանիքն էլ պատրաստվում է վիրահատության` վաճառելով անգամ սեփական կացարանները:
Շատ խորը ապրումներ ունեի, երբ զրուցում էի ընտանիքի անդամների հետ: Իհարկե, եթե կա գոնե աննշույլ շանս, այն պետք է փորձել, որպեսզի հետագայում երբեք չապրես մեղքի զգացումով` որ չարեցիր հնարավորը:
Թող ոչ մի ընտանիքում նման դեպքեր չկրկնվեն, և թող բոլոր հիվանդներն առողջանան:
Ասում են՝ Աստված փորձություն ուղարկում է նրանց, ով ի զորու է դիմակայելու... Չգիտեմ... Գիտեմ ուղղակի մի բան` ընտանիքն անգին է, և եթե ճակատագիրը հարվածել է, ուրեմն պետք է ուժերիդ ներածին չափով հակահարված տաս: