Տարօրինակ է, բայց և այնպես փաստ է, որ անդորրը լինում է միայն գիշերով:
Անդորրը խաթարել կարող է միայն որոտի ձայնը, որոտ, որը կարող է խառնել ամեն, ամեն ինչ, իսկ թե ի՞նչն է ամեն ինչ՝ մնում է հարց…
Սա ինչ-որ մե՞կն է ասել, չեմ հիշում, բայց վստահ եմ, որ սխալվել է:
Անդորրը կարող է խաթարել նաև հիշողությունը, երևակայությունը, սնոտիապաշտությունն ու…գուցե նաև երազը:
Անդորրը կարող է խաթարել նաև կողքը պառկած կնոջ կամ ամուսնու քնի մեջ խոսե՜լը, բղավե՜լը, որը վերը նշված որոտից ավելի հզոր ուժ ունի, ավելի իրական է ու գուցե ցավալի՞:
* * *
Անդորր էր, սովորական մեկսենյականոց գիշերային անդորր, երբ մթան մեջ պայթեց տղամարդու ձայնը:
- Ո՛չ, չե՛մ ուզում, չե՛մ ուզում:
Ձայնից արթնացած կնոջ աչքերը սարսափահար չէին, ավելի շատ հանդիմանող:
- Նորի՞ց, արդեն երեք օր է՝ չեմ կարողանում քնել, դու գիտես, որ երբ արթնանում եմ, էլ չեմ կարողանում քնել:
- Կներես, բայց, հասկանո՞ւմ ես, նորից այդ կարմիր թումբանով աքլորը, կտուցը ցցած, սլանում էր դեպի ինձ:
- Տղամարդն աքլորից վախենա՞, ստրինգ հագած հավ լիներ, չէիր բղավի, չէ՞, առաջին անգամ եմ տեսնում, որ տղամարդը լաց լինի երազում:
- Կներես: Բայց վատ նշան է:
- Ի՞նչ կներես, արդեն հոգնե՜լ եմ, որտեղի՞ց քեզ այդ սնոտիապաշտությունը՝ տանից դուրս գալիս անպայման նայիր հայելու մեջ, դռնից աջ ոտքով դուրս արի, անկողնուց ոտքերդ իջեցնելիս անպայման սկզբից ձախ հողաթափը հագիր, թեյ խմելիս գդալը բաժակից մի հանիր, սև կատու հանդիպելիս թքիր ուսիդ վրայով…հիմա էլ հիմար երազդ, հոգնել եմ արդեն:
«Տղամարդիկ լաց չեն լինում…»
«Զինվորն արցունք չի թափում…»
«Տղամարդու արցունքն ագահ է…»
Տասնյակ տարիներով հավատացել են այս և նման խոսքերին, ինչպես Կոմունիզմի պայծառ ապագային, բայց դե կյանքն ամեն ինչ դրեց իրենց տեղերը:
Կոմունիզմի աչքերով Սուտը շրջում էր սենյակում, զարնվում պատերին ու ամեն անգամ անդրադառնալով խաչվում անկողնու մեջ նստած տղամարդու դեմքին:
Սուտ է, որ տղամարդիկ լաց լինել չգիտեն, լաց են լինում այն էլ ինչպես՝ հատկապես, երբ սպառվում է հոգեկան ուժը, ու հոգեկան այրվածքները կարող են ցավազրկվել Աստվածների ցավ կոչվող դառը ըմպելիքով՝ արցունքով…
* * *
Լուսաբացը դեռ չէր բարեհաճել իր ձեռքերով ճեղքել պատուհանի ապակիներն ու ներս խցկվել սենյակ, երբ անդորրը խախտվեց հեռախոսի ձայնից:
Տղամարդը վախեցած նստեց անկողնում:
Հարցական աչքերը ուղղված էին դեպի հեռախոսը, բայց ձեռքը չէր մեկնում:
Կինը, որ լուսամուտի մոտ ծխում էր, դանդաղ, առանց շտապելու մոտեցավ, մի արհամարական հայացք ձգեց տղամարդուն ու վերցրեց ընկալուչը:
- Ալլո՞,
…հա մա՞մ,
…ի՞նչ է եղել:
Դրա՞ համար ես առավոտ շուտ զանգել,
դե մեծ կին էր, …
չգիտե՜մ, համ ե՛ս եմ աշխատանքի հա՛մ էլ Հովիկը,
… ոչ թե չենք ուզում այլ,
… լավ էլի՜ մամ, ինչո՞վ է օգնել, ամեն անգամ նույն պատմությունը:
* * *
Վաղ առավոտ էր, գյուղը դեռ քնած էր, երբ մայրը իր ձեռքը բռնած թակեց հարևան Գոհարի դուռը:
Գոհարը՝ իր հնարավոր սկեսուրը, ինչպես որ խոսում էին ամբողջ գյուղում զարմացած նայում էր աքլորներից վաղ արթնացած հյուրերին:
- Գոհար ջան, պետք է օգնես, խայտառակ կլինենք գյուղով մեկ, անզգամը չի էլ ասում՝ ով է մեղավոր, չնայած պետք է որ քո Սամվելը լինի, արդեն մեկ ամիս է, ուրիշ ճանապարհ չկա, Սամվելդ էլ խոպանից շուտ եկողը չի:
- Սամվելս նման բան չէր անի, տղայիս ո՞ւմ տեղն եք դրել, աննամուս աղջիկ իմ տուն չէր բերի, ուզածդ ի՞նչ է, հետ կանչե՞մ խոպանից, խելքներդ թռցրե՞լ եք, համ էլ որ նույնիսկ Սամվելը լինի, իմ տուն այդ վիճակով քո աղջիկը չի մտնի, հարամ ոսկոր է:
Մայրն ընկավ ծնկների վրա:
- Գոհար, գիտես՝ ամուսինս համ ինձ, համ էլ սրան կսպանի, մի բան արա:
- Լավ, քանի հարևանների ականջը չի ընկել, անցեք ներս, մի տարբերակ է մնում, էն էլ լավության կարգով, որպես հարևան, համ էլ բախտներդ բերել է, որ բուժքույր եմ, էհ, ի՞նչ ասեմ, վերևն Աստված կա:
…Մայրն ափերով փակել էր աղջկա բերանը, որ ցավից չբղավի ու լաց էր լինում, իսկ աղջկա աչքերն այդպես էլ գամված էին մնացել հեռվում աթոռից կախված Սամվելի կարմիր սպորտային տաբատին…
Կյանքում լինում են պահեր, երբ հասկանում ես, որ ինչ-որ անբացատրելի մի բան է տեղի ունենում, երբ արթնանում է քո մեջ մի ինչ-որ քնած գազան կամ անվերադառնալիորեն աչքերն է փակում թռիչքի պատրաստ մի վայրի միտք, որը երկար ժամանակ կերել է հոգիդ, այրե՜լ, ցավեցրե՜լ, բայց միշտ հավատացել ես, որ կարող ես դիմակայել, պե՛տք է դիմակայես ցանկացած գնով, հակառակ դեպքում կկորցնես այն, ինչն աննկատ միշտ եղել է կողքիդ ու հույս տվել քեզ…
Կկորցես՝ առանց իմանալու, թե ինչ կարող է նրա փոխարեն լցնել այդ դատարկ տարածությունը…
* * *
- Ի՞նչ է եղել Հասմիկ, ո՞ւմ մասին էր խոսքը:
- Ոչինչ, առանձնապես ոչինչ, գյուղում մարդ է մահացել, հարևաններից:
- Միգուցե…
- Ո՛չ:
Մոտեցավ նստեց անկողնու եզրին, չհասկացավ ինչու սկսեց բարձրաձայն լաց լինել:
- Մոտ էիք երևի հա՞, տարիքո՞վ էր, հարազա՞տ…
- Մո՜տ էինք, տարիքո՜վ էր, հարազա՜տ էր, թքա՛ծ ամեն ինչի վրա, գրկի՛ր ինձ, խնդրո՜ւմ եմ, ամո՜ւր… Էլ չես տեսնի այդ հիմար երազը՝ կարմիր թումբանով այդ աքլորին, մեռա՜վ…
Ս.Ումառ-Հարությունյան