Լրագրության դաշտում մեծ տեսակարար կշիռ ունեն իրավական թեմաներով հրապարակումները: Դա բնական է. հանցավորության վիճակը միշտ էլ եղել է հանրության հետաքրքրության առարկան, և լրագրողներն իրենց մասնագիտական պարտքն են համարում քաղաքացիներին իրազեկել այդ ոլորտի մասին: Օրինաչափ է և հասկանալի: Անհասկանալին և անընդունելին այն է, որ ցավալիորեն շատ են դեպքերը, երբ լրագրողը հատկապես ծանր ու հասարակական հնչեղություն ունեցող հանցագործությունը սկսում է դիտարկել զուտ սենսացիոն տեսանկյունից, հրապարակ են նետվում որևէ հիմք ու հեռանկար չունեցող ինքնաշեն վարկածներ, հղում է արվում, մեղմ ասած, կասկածելի, երբեմն նաև պարզապես հնարովի աղբյուրների, անհիմն կասկածներ են հնչում իրավապահների՝ իր տրամաբանությունն ու ընթացակարգն ունեցող աշխատանքի վերաբերյալ և այլն:
Նման ոչ պատասխանատու մոտեցումը ոչ միայն թյուրիմացության մեջ է գցում հավաստի տեղեկատվություն ակնկալող հասարակությանը, այլև որոշակիորեն խանգարում է ոստիկանության ու նախաքննության մարմնի գործողություններին, հանցագործության մեջ կասկածվողի համար խուսանավելու բարենպաստ դաշտ ստեղծում, խոչընդոտում և ձգձգում հանցագործության բացահայտման ընթացքը:
Մեր գործընկերներին բազմիցս կոչ ենք արել իրավական թեմաներով գրելիս ձեռնպահ մնալ ինքնագործունեությունից, լրջմիտ վերաբերմունք դրսևորել հանցագործության բացահայտման գործընթացի հանդեպ, տուրք չտալ սենսացիոն հրապարակումների գայթակղությանը:
Կրկին հորդորում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ հատկապես ծանր հանցագործությունները լուսաբանելիս առաջնորդվել բացառապես պրոֆեսիոնալ պարտքի գիտակցությամբ, զերծ մնալ կասկածելի վարկածները հանրությանը մատուցելուց, հիմնվել փաստերի և վստահելի աղբյուրների տեղեկատվության վրա, սերտորեն համագործակցել իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների հետ, որոնք բացառապես պրոֆեսիոնալ ու հավաստի տեղեկատվություն են տրամադրում և պատրաստ են օգնել լրագրողներին լիարժեք ու ստույգ հրապարակումներ պատրաստելու գործում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.aharonyan/posts/1015134801847741?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել