Հետխորհրդային շրջանում Հայաստանում ձևավորվեցին շոու բիզնեսյան երկու հիմնական ուղղություններ՝ Արթուր Գրիգորյանի թիմը և «Արձագանք» ձայնագրման ստուդիայի թիմը։ Մնացյալներն այդքան էլ մեծ եղանակ չէին փոխում այս ասպարեզում։ Չնայած այն բանին, որ բոլոր արտիստները միաբերան պնդում էին, թե Հայստանում բիզնես չկա, միայն շոուն է, իրականում ամեն բան հակառակն էր։ Հայտնվել էին համերգային նորահայտ պրոդյուսերներ, որոնք տարբեր դահլիճներում կազմակերպում էին նորահայտ երգիչ-երգչուհիների համերգային ծրագրերը։ Մասշտաբներով, իհարկե, նրանք զիջում էին արտերկրից հրավիրված արտիստների համերգներին, բայց դե մեր չափանիշներով ամեն բան նորմալ էր։ Ի դեպ, հիշում եմ, որ այդ ժամանակ մի երգ երգելու համար մեր արտիստների գերակշռող մասն ընդամենը 5-10 դոլար հոնորոր էր պահանջում։
Երկրպագուների բանակը ևս կիսված էր։ Ավելի երիտասարդները նախընտրում էին Արձագանքի երգերը, ավելի տարիքով հանդիսատեսը հավանում էր Արթուր Գրիգորյանի սաների կատարումները։ Կային նաև այնպիսիք, ովքեր մեղադրում էին Արթուր Գրիգորյանին շոու ասպարեզի մոնոպոլացման մեջ։ Ինչևէ, այս երկու դպրոցները զուգահեռաբար բարգավաճում էին և կազմում շոու բիզնեսի կորիզը։ Արամո, Էմմա Պետրոսյան, Ֆորշ, Նունե Եսայան, Շուշան պետրոսյան, Լիլիթ Կարապետյան, Արփինե Բեկջանյան, Արման Բարդումյան, Հասմիկ Կարապետյան, Ալլա Լևոնյան, Մայա Մարգարյան, Արմինե Գրիգորյան և այլոք հենց այն աստղաբույլն էին, որոնք հանդիսանում էին հայկական շոու բիզնեսի առաջին սերնդի աստղերը։
Ժամանակները փոխվում էին, և հանդիսատեսի պահանջմունքները՝ ևս։ Կամաց-կամաց Արթուր Գրիգորյանի սաները, վերջինիս անմիջական օգնությամբ, կարողանում են հաղթել, և Արձագանքը հայտնվում է ստվերում։ Քանի որ Արձագանքի աստղերի մի մասը տեղափոխվում է Ա. Գրիգորյանի մոտ, իսկ մյուսներն ուղղակի որոշում են կայանալ ստուդիայից դուրս, Արձագանքը ևս որոշում է աշխատել լրիվ նոր նախագծերի վրա։ Շոու ասպարեզում հայտնվում են նոր աստղեր՝ Քրիստինե Պեպելյան, Վարդուհի Վարդանյան, Անդրե, Արսեն Գրիգորյան, Ռազմիկ Ամյան, Զարուհի Բաբայան, Համլետ Գևորգյան, Արմինե Նահապետյան, Սիրուշո, Էմմի, Արամե և այլոք։ Սկսում են աճել արտիստների հոնորարները։ Համերգների ժամանակ մեկ երգ կատարելու համար նրանք արդեն պահանջում են 100-200 դոլար։ Հետզհետե արտերկրից հրավիրված ատղերի համերգները նվազում են և գերակշռում են մեր աստղերի մասնակցությամբ միջոցառումները։ Շատ կարճ ժամանակում հոնորարները զգալի աճեցին՝ հասնելով մեկ երգի համար 2000-2500 դոլարի։ Կարելի է ասել, որ արտիստները սկսեցին լավ փող աշխատել։ 10 րոպե բեմի վրա բերան բացել-փակելով և ֆոնոգրամաները որպես կենդանի երգ մատուցելով՝ աստղերից շատերը լուծեցին իրենց կյանքի սոցիալական խնդիրները։ Բայց, ինչպես միշտ, ջրի շատ գալը կտրվելու նշան էր, և հայկական շոու բիզնեսի ամենափողաբեր ժամանակաշրջանի վերջը եկավ։ Եթե կար ժամանակ, որ, ասենք, Անդրեն, Համլետը, Արամեն, Լիլիթ Կարապետյանը, Սիրուշոն միայնակ կարող էին Երևանի ամենամեծ դահլիճում անշլագ ապահովել, ապա այժմ դժվար թե նրանք, բոլորը միասին, կարողանային թեկուզ 3000 երկրպագու հավաքել նույն դահլիճում։ Գուցե դա էր պատճառը, որ արտիստներից շատերը սկսեցին համատեղել իրենց գործունեությունը բիզնեսի այլ ոլորտների հետ։ Աստղերի մի մասը հիմնադրեց տարբեր օբյեկտներ՝ վարսավիրանոցներ, խանութներ, սրճարաններ, մի մասը սկսեց հանդես գալ հարսանիքներում, մի մասն էլ շեշտը դրեց արտասահմանյան համերգաշարերի վրա։
Շոու բիզնեսի երրորդ սերունդը գուցե որակային առումներով զիջում էր առաջին երկուսին, բայց լրիվ համապատասխանում է արդի պահանջներին։ Երրորդ սերունդը՝ Լիլիթ Հովհաննիսյան, Միհրան Ծառուկյան, Վաչե Ամարյան, Մարտին Մկրտչյան, Արման Հովհաննիսյան և այլոք, սկսեցին շեշտը դնել հենց շոուի վրա՝ չմոռանալով, իհարկե, բիզնեսի մասին։ Լիլիթ Կարապետյանից հետո առաջին անգամ բեմում հայտնվեց նոր սեքս խորհրդանիշ՝ Լիլիթ Հովհաննիսյանը։ Անկախ այն բանից, որ նրա հանդեպ վերաբերմունքը հակասական է, չի կարելի անտեսել այն փաստը, որ այսօր Լիլիթի առավոտյան արած նախաճաշն ավելի շատ մարդու է հետաքրքրում, քան անգամ քաղաքական զարգացումները մեր երկրում։ Լիլիթը փորձեց կրկնել Լիլիթ Կարապետյանի բումը, և հետաքրքիրն էլ հենց այն էր, որ վերոնշյալ աստղերից միայն Լիլիթ Կարապետյանն էր, որ տարիներ անց որոշեց կրկին վերադառնալ մեծ բեմ։ Չհաշված փոքր թերությունները՝ Լիլիթի մոտ դա ստացվեց։ Հավանաբար ճիշտ մասնագետների հետ համագործակցելու արդյունքում Լիլիթը կվերադարձնի իրեն նախկին «տիտղոսն» ու հայտնիությունը։
Ցավոք սրտի, մնացյալ աստղերը սկսել են մարել։ Տարվա մեջ 1-2 երգ, կիսատ-պռատ մի տեսահոլովակ և ուրիշ ոչինչ։ Պատճառները, իհարկե, շատ են։ Համերգային պրոդյուսերների պասիվացում, անորակ երգեր, ստեղծագործական կոլապս, սեփական երկրում աստղ լինելու անեկամտաբերություն և այլն և այլն։
Ու կրկին շատ շատերն ընտրեցին ռաբիսի ուղղին՝ 6/8 չափի երգեր, հարսանիքներ, օբյեկտներ։ Այսինքն այն ամենը, որն ավելի եկամտաբեր է։ Կրկին մեռավ շոուն, և մնաց միայն բիզնեսը, ուղղակի այս անգամ լրիվ այլ բիզնես։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1431733740457247&id=100008619030183&ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել