Բաքվի քարոզչական ագրեսիան Հայաստանի դեմ կառուցվում է հիպոթեզային հետևյալ մարտավարության վրա. «օկուպացիայի» ենթարկել հայկական քարոզչական դաշտը և այնտեղ դիրքավորել սեփական թեզերը: Դրանք պետք է հայկական բարձրագույն ղեկավարության վրա ունենան համալիր այնպիսի ներգործություն, որի արդյունքում պետք է ներշնչվի սխալ որոշումների կայացում՝ զիջումների տեսքով: Այդ որոշումները պետք է ծնվեն նաև հանրության մոտ տագնապի առաջացման համատեքստում, երբ որոշումների կայացումը բխում է նաև հանրության ճնշումից, այն է՝ բավարարել Բաքվի ցանկությունները «պատերազմից խուսափելու» համար:
Ընդ որում՝ «պատերազմից խուսափելը» դոզավորված ստերեոտիպ է՝ հասարակական գիտակցության մեջ Ադրբեջանի հետ պատերազմը սերմանելով իբրև գոյության սպառնալիք, ավարտ՝ կոտրելով դիմադրելու ցանկությունը, իմունիտետը՝ փոխարենն առաջացնելով խուսափելու հոգեզգացմունք:
Որպես քարոզչական տակտիկա՝ օգտագործվում է թիրախային լսարանին թիրախային թեզերի մատուցման սկզբունքը. որպես լսարան հանդես է գալիս դժգոհ զանգվածը, իսկ որպես թեզ՝ օգտագործվում է երկու ասպեկտ՝ «խնդիր» և «լուծում»: Առաջինը ԼՂՀ խնդրի անհեռանկարային ասպեկտն է, որը հղի է կործանարար պատերազմի վտանգներով, երկրորդը՝ դրանից ձերբազատվելու լավագույն ուղին՝ զիջումները՝ առնվազն «օկուպացված» տարածքների հանձնման տեսքով: Իսկ դիվերսիոն անկտիվությունն այս ամենի առարկայական, շոշափելի էֆեկտի մատուցումն է: