«Դժվար թե գտնվի մեկը, ով կասի, թե մայիսի 3-ին ԼՂՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրությունները արդյունքների կանխատեսելիության առումով իրենցից որևէ հետաքրքրություն են ներկայացնում: Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում կան որոշակի նրբերանգներ, որոնք հեռուն գնացող ենթադրությունների տեղիք են տալիս:
Ինչպես հայտնի է, վերջին օրերին ընտրական մրցավազքին բնորոշ միջկուսակցական մրցակցությունից բացի առանձնակի սրվնլ են հարաբերությունները ԼՂՀ գործող վարչապետ «Ազատ Արցախ» կուսակցության ղեկավար Արա Հարությունյանի և նրա ներկայիս տեղակալ ՀՅԴ-ն ներկայացնող ԼՂՀ փոխվարչապետ Արթոտ Աղաբեկյանի միջև: Հաշվի առնելով կանխատեսումները, որ երեք իշխանական քաղաքական կուսակցությունները՝ «Ազատ Արցախը», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը» և Դաշնակցությունը պայմանավորվածություն են ձեռք բերել ապագա խորհրդարանում ներկայիս ստատուս քվոն հիմնականում պահպանելու վերաբերյալ, կարելի է ենթադրել, որ վարչապետի և փոխվարչապետի միջև մրցակցությունը պայմանավորված է ապագա գործադիր մարմնում դերերի որոշակի վերաբաշխմամբ:
Բանն այն է, որ ՀՅԴ-ն, առանձնապես մեծ հույսեր չկապելով պատգամավորական իր ներկայիս մանդատների քանակն էապես ավելացնելու հետ, փորձելու է պայմանավորվածություններ ձեռք բերել գործադիր մարմնում իր դիրքերը փոքր-ինչ ամրապնդելու վերաբերյալ: Բնականաբար, Դաշնակցության այս ախորժակը գործող վարչապետի և նրա կուսակիցների սրտով չէ։
Հենց սրանով է պայմանավորված նաև այն իրողությունր, որ օրերս որոշ քաղաքական, այդ թվում նաև հայաստանյան համապատասխան շրջանակների կողմից ասպարեզ նետվեց Արթուր Աղաբեկյանի՝ առհասարակ ԼՂՀ պատգամավոր դառնալու՝ իրավական տեսակետից անհնար լինելու հարցը: Մասնավորապես՝ խնդիրն այն է, որ դաշնակցական փոխվարչապետը վերջին հինգ տարիներին չի բնակվել ԼՂՀ-ում, ինչը հանդիսանում է ընտրական օրենքի պարտադիր պահանջ: Չի բացառվում, որ առաջիկայում այս փաստը կարող է լուրջ ճնշման գործիք դառնալ շահագրգիռ ուժերի ձեռքում, ինչը սովորաբար հանգեցնում է նաև կոմպրոմատային պատերազմի սկսմանը»,–գրում է թերթը։