Երբ Իրան էի գնացել, հաճելիորեն զարմացա պարսիկների վերաբերմունքից, չնայած լսել էի, որ հայերին շատ են հարգում, իսկ պարսկահայերին վստահում են ավելի շատ, քան իրենց ազգի քաղաքացիներին։ Ցանկացած առևտրի կենտրոն մտնելով՝ այնպես էին ընդունում, ասես հյուր լինեի, ոչ թե տուրիստ, նույնիսկ զեղչեր ու նվերներ էին անում։ Ոչ մի անգամ որևէ պարսիկ տղայի կողմից անքաղաքավարի պահվածք չնկատեցի, միայն հարգալից վերաբերմունք։ Պապիկիս հետ գնացինք իր ծննդավայրը, որտեղ մեզ կրկին հրաշալի ընդունելության արժանացրեցին, իսկ երբ իմացան, որ պապս այդ գյուղում է ծնվել ու ցանկանում է եկեղեցի մտնել, որը, բնականաբար, փակ էր, շտապ բանալիներ գտան ու մեզ համար դուռը բացեցին...
Ի՞նչ եմ ուզում ասել։ Մենք շատ վատ ենք ընդունում տուրիստներին, հատկապես՝ պարսիկներին, ուզում եք, որ իտալացիներ ու ֆրանսիացիներ մեր երկիր գա՞ն, բա էլ ինչո՞ւ եք պարսկական ու թուրքական ապրանքներ գնում կամ Վրաստանում հանգստանում, թե՞ մենք շատ քաղաքակիրթ ենք հետամնաց պարսիկ տուրիստներին մեր երկրում ընդունելու համար։ Վրաստանում մի քանի անգամ քիչ էր մնում ամոթից գետինը մտնեի մի քանի հայ տուրիստների տգեղ արարքների պատճառով։ Ինչ պատճառ էլ բերեք, միևնույնն է, չի արդարացնում մեր վատ վերաբերմունքն ու պահվածքը նրանց նկատմամբ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել