Նրանք գրավում են հանրության ուշադրությունը ոչ պակաս, քան շոու բիզնեսի աստղերը: Հաճախ (թեև ոմանք` հազվադեպ) հայտնվելով իրենց պաշտոնյա ամուսինների կողքին՝ նրանք տարաբնույթ գնահատականների թիրախ են դառնում: Բարձրաստիճան պաշտոնյայի կին լինելը պարտավորեցնող է նաև այն առումով, որ արտասահմանյան այցերի և միջազգային հանդիպումների ժամանակ կողակիցներին ուղեկցելիս նրանք հանդես են գալիս որպես տվյալ ազգի կանանց խորհրդանիշ: Հայ պաշտոնյաների և քաղաքական գործիչների կողակիցների դրեսս-կոդը խնդրեցինք մեկնաբանել (ըստ նրան տրամադրած համապատասխան լուսանկարների) ԱՄՆ-ի հագուստի դիզայներների միության միակ հայ անդամ, հոլիվուդյան մի շարք ֆիլմերի հագուստների հեղինակ Միքայել Շարաֆյանին: Ի դեպ, մինչ անհատական մեկնաբանություններին անցնելը նա նշեց, որ հայ պաշտոնյաների կանայք շահեկանորեն տարբերվում են իրենց օտարերկրյա «գործընկերուհիներից»: «Օրինակ` շատ հայուհիներ ավելի ճաշակով են հագնվում, քան, ասենք, ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, որը, ասես, դեռ չի գտել իր ուրույն ոճը»,- ասում է Միքայելը:
Միքայել Շարաֆյանը մեկնաբանում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ոճը։ Ռիտա Սարգսյանը չի խուսափում վառ գույներից, դիզայները միանշանակ ողջունելի է համարում, թեև նկատում է, որ նա առավելապես նախընտրում է պաստելային երանգները, որոնք արտացոլում են տվյալ կնոջ պայծառ խառնվածքը: «Տիկին Սարգսյանը գտել է մի յուրահատուկ ոճ, սիլուետ, որը, իմ կարծիքով, լավ է նայվում: Նրա դասական հագուստների` մինչև ծնկները հասնող փեշերը, լիովին համապատասխանում են առաջին տիկնոջ կարգավիճակին: Երբեմն էլ զգեստների տեսքը շատ մինիմալիստական է, բայց նաև տեղին»,- ասում է Միքայել Շարաֆյանը: