Գիտեմ, որ սա չպիտի անեմ, գիտեմ, որ այս տողերը չպիտի կարդաս, բայց և գիտեմ, որ այս տողերը կարդալու ես բոլորովին պատահաբար , քանի որ ես բոլորովին պատահաբար ուղարկելու եմ քեզ այս նամակը...
Ուզում եմ պատմել քեզ, թե որքան բան է նույնը մնացել այն օրվանից սկսած, ինչ քեզ էլ չտեսա...
Սկսեմ նրանից, որ քո սենյակում ես հիմա շուն եմ պահում... Դուք շատ նման եք խառնվածքով...
Քեզ չկարոտել ինձ սովորեցնում է հարևանս՝ ութսունամյա չամուսնացած մի կին... Լավ էլ սովորում եմ, գիտես...
Քեզ մոռանալու համար չեմ գնում այն վայրերը, որ քեզ են հիշեցնում... երբ էլ հանկարծ պատահում է նման մի վայր, ինքս ինձ համոզում եմ, որ անունս Նանե չէ, ու որ այստեղ ընդամենը մի անգամ եմ եղել, երբ դպրոցով եկել էինք ծառատունկի...
Քանի որ շատ եմ վախենում, որ այնուամենայնիվ, քո մասին կմտածեմ ամեն գիշեր 5 րոպե քնելուց առաջ, գիշերները այնքան եմ բարձրացնում երաժշտության ձայնը, որ էլ չեմ կարողանում լսել, թե ինչ է ասում ինձ ներքին ձայնս... (Բա որ հանկարծ քո մասին խոսի... Աստված չանի)... Ամեն առավոտ հարևանուհիս բողոքում է տանիցս հնչող աղմուկից, իսկ ես էլի նրան ասում եմ, որ ներքին ձայնիս ատրճանակով ցավոք չեմ կարող սպանել...
Քեզ էլ չսիրելու համար ... բան էլ չեմ անում... հարևանուհիս ասում է՝ ինքն իրեն կանցնի...Շունս էլ հաստատում է՝ լիզելով ձեռքերս...
Առավոտները առանց քեզ արթնանալու համար ես երբեմն չեմ քնում... Իսկ երբ քնում եմ, մի երկու մղձավանջ տեսնելով վեր եմ կենում ու շանս բողոքում այն մասին, թե ինչ անհաջողակի մեկն է երազներիս սցենարիստը... (Կամ գուցե ինձ է անհաջողակի տեղ դրել)... 
Քեզ պատահաբար գրքերիս մեջ չկարդալու համար ես վառել եմ ունեցածս բոլոր սիրավեպերը. անգամ այն մեկը որն ամենաշատն էի սիրում... Հիմա գրադարանումս միայն խոհերն ու փիլիսոփաներն են ճառում (նրանց երազանքն էլ իրականացավ. սերը էլ չկա)...
Օծանելիքդ չհիշելու համար որոշել եմ առմիշտ հարբուխով հիվանդ մնալ... Զարմանալիորեն օգնում է...
Քեզ մայթերում չտեսնելու համար քայլում եմ միայն փողոցների հոծ գծերով... (Մեկ էլ տեսար մի օր բախտս բերեց, ու մի շտապող մեքենա որոշեց խախտում անել՝ հատելով հոծ գիծն ու շրջադարձելով)...
Քո մասին ոչինչ չգրելու համար հիմա միայն հեքիաթներ եմ գրում... Դու չափազանց չարն ես անգամ վհուկի դերի համար...
Ու վերջում ասեմ, որ շատ լավ գիտեմ, որ սա կարդալուց հետո ուզելու ես վերադառնալ, բայց չփորձես. դռան կողպեքները փոխել եմ...
Սա վերջին անգամն էր, որ քեզ հիշում եմ... Խոստանում եմ... Հենց պատահաբար ուղարկեմ քեզ սա, անունդ մոռանալու եմ ու վերջ...
Ու վերջ... Մնաս բարով, ինչպես մնացել ես մինչև հիմա...

Հ.Գ. Գիտեմ, որ փոստատարը ուղարկելուցս հետո այս 32-րդ նամակն էլ է ետ բերելու, քանի որ դու հասցեդ փոխել ես այն օրվանից, երբ հեռացար, բայց ես մեկ է՝ շարունակելու եմ պատահաբար քեզ գրել ու պատահաբար գրածս ուղարկել...Հասկանու՞մ ես՝ որքան էլ դու վաղուց մեռած լինես բոլորի համար, ինձ թե հարցնեն՝ դու դեռ ապրում ես քո հին հասցեում, ու բան էլ չի փոխվել... Քո ողջությանը հավատալու համար ես դեռ հարևանուհուցս թաքուն 68 նամակ ունեմ ուղարկելու...
Ռի-Մա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել