Երևանում պարսիկ զբոսաշրջիկների կտրուկ աճը և հայերի, մեղմ ասած, ոչ այնքան հյուրընկալ վերաբերմունքը բազմաթիվ քննարկումների առիթ հանդիսացան:
Ֆեյսբուքյան մի շարք մտավորականներ կոշտ քննադատության ենթարկեցին հասարակ մարդկանց, քանի որ նրանք ստորադասում են պետական շահը և չեն գիտակցում, որ զբոսաշրջիկները հսկայական եկամուտներ են բերում պետությանը:
Այս ամենի կոնտեքստում ոչ ոք չի փորձում հասկանալ մարդկանց, նրանց հոգեբանությունը և աշխարհայացքային պատկերացումները հայրենիքի և սեփական հողի նկատմամբ, այլ ընդհակառակը՝ պարզ մարդկանց մեղադրում են տնտեսագիտական ակադեմիական ուսումնասիրություններ չիրականացնելու համար:
Հայերը նախանձախնդիր վերաբերմունք ունեն սեփական հողի՝ հատկապես մայրաքաղաքի և Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ, քանի որ նրանց հիշողության և էթնոհոգեբանության մեջ արմատացած են օտարի՝ պարսիկի, թուրքի, ռուսի տիրապետության դժնդակ տարիները:
Բնականաբար, ոչ մեկին դուր չի կարող գալ այն հանգամանքը, որ օտարները գալիս են Հայաստան և տաշում հայ աղջիկներին:
Մարդկանց մեղադրում եք, որ իրենք իրենց որպես էթնիկական խումբ բարձր են գնահատում և պարուրված են որոշակի վեհ զգացողություններով: Է լավ են անում, իրանց երկիրն է, այստեղ իրենք դոմինանտ են, ինչպես կուզեն, այնպես էլ կզգան: Նույն կերպ Հունաստանում իրենց զգում են հույները, Իսրայելում՝ հրեաները, Իռլանդիայում՝ իռլանդացիները:
Հասկացեք, ի վերջո, խոսքը մի հավաքականության մասին է՝ բաղկացած բազմաթիվ անհատականություններից, մի փորձեք նրանց համահարթեցված գնահատականներ տալ կամ պահանջել այն, ինչ որ տեսել եք Դուբայում, Փարիզում կամ էլ Սեյշելյան կղզիներում:
«Ամբողջ հայության անունից ներողություն եմ խնդրում մի խումբ ուլտրազարգացած, խորապես իրավագիտակից ՀՀ քաղաքացիներից, որ մենք նման չենք ֆրանսիացիներին, պարզապես էսպիսին ենք ստեղծվել, զարգացել և հասել 21-րդ դար»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/798338720260158?__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել