Հետաքրքիր մի ռեպորտաժ ընկավ աչքովս, որտեղ Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկները կիսվում էին իրենց տպավորություններով Հայաստանից։ Ռեպորտաժը բավականին դեպրեսիվ էր ինձ համար, որովհետև հստակ գիտակցում էի, որ իրանցի զբոսաշրջիկների գանգատները լրիվ արդար են ու օբյեկտիվ։
Օրինակ, մի տղամարդ բողոքեց, որ Հայաստանն անտանելի թանկ է, ու իրենից մեկ գիշեր հյուրանոցում մնալու համար 100 դոլար գումար են գանձում, ուստի նա էլ երբեք Հայաստան չի գա։
Մեկ ուրիշ իրանցի, այս անգամ կին, գանգատվում էր, որ գնացել է Դալմա՝ շոփինգի, ու այնտեղ գներն այնքան բարձր են եղել, որ նա ոչինչ չի գնել և հավելեց, որ էլ չի գա Հայաստան։
Հետո խոսեց մի պարսիկ երիտասարդ, ով 5 տարի առաջ մեր Պոլիտեխնիկն էր ավարտել, ըստ էության կրկնեց նույնը՝ նշելով, որ թեև Հայաստանը գեղեցիկ ու հաճելի երկիր է, գներն այստեղ չափազանց բարձր են դարձել իրանցի զբոսաշրջիկների համար, ու նրա խոսքն էլ ավելի ծանրակշիռ է դարձնում այն, որ մարդը համեմատության եզր ունի. Հայաստանը Հայաստանի հետ է համեմատում, պարզապես 5 տարվա կտրվածքով և, ասես կարեկցելով հայերին, հավելեց, որ այստեղ բնակվողների համար ամեն ինչ իրոք շատ թանկ է։ Բնականաբար, նա էլ նշեց, որ էլ Հայաստանում չի անցկացնի իր հանգիստը և դա ասաց առանց որևիցե չարության և նույնիսկ տխրությամբ։
Մյուս կողմից, ինձ համար հետաքրքիր բացահայտում արեցին նաև երկու այլ հարցված պարսկուհիներ, ովքեր միաբերան նշեցին, թե ինչ բարի, դրական էներգետիկայով ու ընկերասեր ժողովուրդ են հայերը։ Նրանք տպավորված էին այդ ջերմությունից։
Սա ինձ մոտ կոտրում է այն կարծրատիպը, որ իրանցիները Հայաստան սկսել են քիչ գալ վատ վերաբերմունքի համար։ Փաստացի, ստացվում է, որ իրանցի տուրիստներին Հայաստան ժամանելուց հետ պահող գլխավոր գործոնը նախևառաջ Հայաստանի անտանելի թանկությունն է։ Ու իրոք, մի հատ ինքներդ դատեք, թե այդ ի՞նչ զբոսաշրջիկական պոտենցիալ ունի Հայաստանը, որ իրանցին ցանկանա համարյա եվրոպական կամ էլ ծովափնյա կենտրոնների գներ վճարել՝ չստանալով ոչ համապատասխան որակի սպասարկում, ոչ էլ համապատասխան որակի հանգիստ Հայաստանում։ Եթե այդքան շատ պետք է ծախսի, կգնա, ասենք, Դուբայ կամ էլ եվրոպական երկրներ կամ էլ ավելի մատչելի գներով ու զբոսաշրջության վերաբերյալ ավելի գրագետ քաղաքականություն վարող Վրաստան։
Ես իրանցիներին չեմ կարող մեղադրել ինչ-որ բանում, իսկ նրանց կորցնելու անթույլատրելի շռայլությունը, որ մենք ենք թույլ տալիս, հետևանք է ոլորտում տիրող ագահության ու ոչ պրոֆեսիոնալիզմի, որի հետևանքով մենք զրկում ենք մեր տնտեսությունը տասնյակ միլիոնավոր դոլար կազմող եկամուտներից, որը ստացվում է զբոսաշրջիկների շնորհիվ։