Սեպտեմբերի 23-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքի հոգեբուժական կենտրոնից Կապանի բժշկական կենտրոն հայտնել են, որ անօգնական վիճակում, մարմնական վնասվածքով իրենց մոտ են տեղափոխել տարեց մի կնոջ և հեռացել: Կնոջը տեղափոխել են Կապանի բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել և պարզվել է, որ նա ձախ ազդրի վերին երրորդական փակ կոտրվածք է ստացել:
Ինչպես Կապանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները այդ մասին տեղեկացրել են Ոստիկանության Կապանի բաժին: Նրանք պարզել են, որ կինը բնակվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Վազգեն Առաջին փողոցի 48 ա շենքի 46 բնակարանում, և նրան Կապան է տեղափոխել որդին ու հեռացել: Գ. Շամշյանը հայտնում է, որ Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի անձնակազմը՝ բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի և գլխավոր բժիշկ Օրբելյանի գլխավորությամբ առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել տարեց կնոջը՝ 76-ամյա Ռոզա Դավթյանին: Վերջինս հիմնական բուժումն արդեն ավարտել է և հոկտեմբերի 5-ից համարվում է դուրս գրված, սակայն հարազատներից ոչ ոք երբևէ չի այցելել նրան: Ռ. Դավթյանը ունի չափահաս երեխաներ և թոռներ:
Ռոզա Դավթյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հուզված պատմել է, որ իր բուժման, կերակրման, հագուկապի հարցերը հոգում են հիվանդանոցի, Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի ոստիկանության աշխատակիցները: Գ. Շամշյանը հայտնում է, որ իր այցելության ժամանակ հիվանդանոց եկան Կապանի բաժանմունքի ոստիկաններ, ովքեր իրենց հետ միրգ, քաղցրավենիք, հյութեր էին բերել, իսկ բուժքույրերից Դոնարա Հովհաննիսյանը, Նարինե Ալեքսանյանը և Արևիկ Մարտիրոսյանը հոգում են նրա սանիտարահիգիենիկ հոգսերը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ոստիկանության Կապանի բաժնից Վաղարշապատի իրենց կոլեգաներին հայտնել են, որպեսզի նրանք հիվանդի հարազատներին տեղեկացնեն, որ Ռոզա Դավթյանի առողջական խնդիրներն արդեն լուծվել են և կարող են իրենց ծնողին տանել տուն: Սակայն որդին գրավոր պատասխանել է, որ իրենք հրաժարվում են իրենց մորից: Գ. Շամշյանը հայտնում է, որ տիկին Ռոզայի որդին՝ Գագիկ Հարությունյանն է Վաղարշապատից մորը բերել Կապան: Վերջինս 1998 թվականին հարազատ եղբորը դաժանաբար սպանելու համար դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Իսկ Կապանի ոստիկանները հիշում էին, որ երբ նա հարազատ եղբորը սպանելուց հետո Էջմիածնից փախել էր Կապան, ասում էր, որ միայն մորս եմ վստահում, միայն նա կարող է իմ երեխաներին տիրություն անել:
Ու հիմա անառակ որդին նման վերաբերմունքի է արժանացնում իր ծնողին: Ոստիկանությունը հնարավոր է, հարուցի քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 174 հոդվածի հատկանիշներով: