Ինչ-որ շարժում, որ անվանակոչվել է «100-ամյակը առանց ռեժիմի», հանրահավաք է հրավիրում, այս անգամ արդեն Գյումրիում: Երբ կարդում ենք հանրահավաքի մասին իրենց հայտարարության տեքստը, ակամայից հասկանում ենք, որ գործ ունենք բացառիկ ապակառուցողական, ներքին թշնամանք հրահրելու երևույթի հետ:
Մի մեջբերում, այնուամենայնիվ, անեմ հայտարարությունից` «Հանրահավաքի ընթացքում Շարժումը գյումրեցիներին տեղեկացնելու է Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թվականի ապրիլի 24-ին, մեր ժողովրդին ոտքի հանելու և կեղեքիչ ռեժիմին հեռացնելու գործընթացը սկսելու քայլերի մասին»:
Այս երևույթն առաջին հերթին շահարկում է Ցեղասպանությունը` մեր 100-ամյա վշտի ու անմեղ նահատակների հիշատակն օգտագործելով իրենց հատվածական նպատակների համար: Հասկանալի է, որ այդ օրերին Հայաստանում են լինելու բազմաթիվ արտասահմանցի հյուրեր, հրավիրյալներ, տարբեր միջազգային ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն: Այս քայլով մարդիկ ուզում են ցույց տալ աշխարհին, որ մենք մեր սուգը հարգել չգիտենք:
Բազմիցս ասվում է, որ Թուրքիան ամեն կերպ փորձելու է խանգարել, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման միջոցառումները: Էրդողանի Գալիպոլիի միջոցառումներին տարբեր երկրների ղեկավարներին Թուրքիա հրավիրելն ասվածի վառ ապացույցն է, իսկ զուգահեռաբար Ադրբեջանն իր ռազմատենչ հայտարարություններով ու սահմանային պարբերական լարումներով ջուր է լցնում Թուրքիայի ջրաղացին: Իսկ ի՞նչ են անում Հայաստանի ներսում ինչ-ինչ շարժումներ, լարվածություն են ստեղծում հենց ներսում՝ սերմանելով ներքին թշնամանք, փորձ անելով ապակայունացնել իրավիճակն ու այս ամենը հենց Ցեղասպանության 100-ամյակի օրը: Սա ի՞նչ գնահատանքի է արժանի...
Երկրորդ հերթին, Սեֆիլյանական այս շարժման տարատեսակ հայտարարությունները, իհարկե, առաջացրել են դրսի հյուրերի անհանգստությունը՝ կապված իրենց անվտանգության հետ: Մասնավորապես՝ մամուլում շրջանառված ու չհերքված տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի և Վատիկանի հատուկ ծառայությունները լրացուցիչ երաշխիքներ են պահանջել Երևան ժամանելու դեպքում իրենց պատվիրակությունների անվտանգության համար:
Արդեն հասել ենք եզրագծին: Ինչ-որ շարժում իրեն պահում է այնքան հղփացած, որ աշխարհի ամենաանվտանգ երկիր այցելելու համար մարդիկ լրացուցիչ անվտանգության երաշխիքներ են ուզում: ՍՏՈ՛Պ, ՉԻ կարելի:
Սա ներքին թշնամություն հրահրելու, պետության վարկի ու ազգի հեղինակության հետ խաղալու ակնհայտ երևույթ է:
Այդ օրն աշխարհը պետք է տեսնի, թե ինչքան միասնական ենք, և անկախ ամեն ինչից՝ կա մի հարց, որի շուրջ աշխարհի բոլոր հայերը` դիմություն, թե ընդդիմություն, քաղաքացիական, թե քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող շարժումներ, մի խոսքով, հայ հասարակությունը միասնական է ու միահամուռ:
Պետք է մերժել ու մաքրել հասարակության միջից նման թշնամանքը և այն սերմանողին, մեր վշտի ու սգո վրա ձեռքերը տաքացնողին, իր հատվածական շահը հետապնդելով՝ ազգային ցավի հաշվին միավորներ կորզողին: