IMG_7287

Այսպես հաճախ չի լինում, որ արթնանում ես ու ոչ միայն գիտես՝ ինչ ես գրելու, այլև գիտես վերնագիրը, գիտես՝ ինչպես ես սկսելու, շարունակությունը գիտես. արթնանում ես՝ գրելու, որոշակի տեքստ փոխանցելու համար, ինչպես հիմա: Առիթը՝ անմեղ, տիկին Աիդա ու Տաթև Մելքոնյան ջաներ, որ ինչպես միշտ, ներել եք մեղավորիս ուրբաթ-շաբաթվա անհանգստության համար, ոչ միայն ոչ մի բացասական կապ չունի ձեր գործունեության հետ, այլև ավելին՝ մեր կրտսեր 1-ին դասարանցիների՝ հինգշաբթի օրվա ամենամսյա հավաքի դրական արձագանքներն են, որ լսելի ու լսելի են, անմիջական ձայներ են… Իսկ Տաթևի սաների ուրախությունը մեր հանդիպումից ոչ միայն չի մարում, ես պատմում եմ յուրաքանչյուրին, ֆիլմն էլ՝ այսքա՜ն կենդանի, ես էլ՝ դրական մի հերոս: Շնորհակալ եմ:

1994-1996 թթ, չե՜ք մոռացել, ստեղծվեցին-հրապարակվեցին, իմ նախարարությամբ հանրայնացվեցին երկու տասնյակի չափ, ուրիշ անուն ման չգամ, դասագրքեր կամ «Բլեյանական» անունը ստացած մանկավարժական գրքեր, որ մտան ամեն մի գյուղ-քաղաք-դպրոց-դասարան: Քսան տարի է անցել, անցնում է, ահա, կանցնի… Առիթներ եղել են, մեղադրել ենք՝ ինչո՞ւ նոր գրքեր չեն գրում մեր դասական դարձած ծույլերը՝ Գևորգը ՀակոբյանՍուսանն ու ՄարիետըԱիդան… որ նայում ես, այդքան էլ ծույլ չեն իրականում՝ առավոտից իրիկուն ժրաջան բանում են, խմբագրում, թարգմանում, կարդում, դասավանդում, մանկավարժության մեջ են ու բեղուն են հաստատ, բայց դասագիրք, ուղեցույց չի գրվում… Այն էլ, ինչ Աիդայի ձեռքից թռչում է, իմ հանդիմանությանն է հանդիպում… Համ, համ, համ, համ… քանի՜, ախպեր, գնամ ու գամ… Փորձեր եղան այս ընթացքում՝ Դալուզի (Նաիրա Դալուզյան), կարծեմ, … էլ չեմ ասում՝ մեր Անահիտ Արնաուդյանի ու Գայանե Բեդիրյանի կողմից… Մենք կիրթ օտարվեցինք, հանդուրժող լռեցինք… Չխրախուսվեցին, սպառվեցին 20 տարեկան դարձած, ֆիզիկապես մաշված, թարմությունը կորցրած, լեզուս չի բռնում, թե մի վատ բան ասեմ, գրքերը… Թվայնացվեցին-պատճենվեցին, հեղինակային իրավունքները պահվեցին. մանկավարժության մեջ հեղինակություն են եղել ու մնում են սան-գործընկերների, դասվարների, մայրենիի ու թվաբանության վառ-գրավիչ երիտասարդ ուսուցիչների խմբի համար: Այսպես ընդհանրապես քիչ է լինում, եզակի է. իմ քսան տարեկան ուրախությունը փոխանցեմ…

Ինձ համար այն ժամանակ էլ, հիմա էլ, հեշտ է. հեղինակ չեմ, հեղինակային խմբի ծառայությունների կազմակերպման տնօրեն եմ: Հիմա էլ այդ դիրքից եմ հանդես գալիս: Ասի՝ մի գնահատեմ վիճակը քսան տարի անց: Նախ մեր՝ 1994-1996-ի մի կարճ շրջան պետականի այլընտրանք դարձած դասագրքերը, որ վաղուց պետական են, և իբր իրար հետ մրցում են տարբեր անուն-ազգանուններով, ի՞նչ վիճակում են: Վերցրի 2014-15 ուստարում 1-ին դասարան գնացած 6 տարեկան սովորողներին անվճար տրված գրքերը՝ «Այբբենարան», մաթեմատիկայի 1-ին, 2-րդ մասերը, մայրենիի 2-րդ մասը… Հեղինակներին ճանաչում եմ, հետները կռիվ չունեմ, հատկապես հայտնի են այսքան տարի նույնանուն գրքերի այլ հեղինակների դեմ հաջողությամբ պսակված պայքարով… Ի՞նչ է փոխվել. կներեք, բան չի փոխվել, հինգ րոպեից ավելի անելիք չեմ տեսնում… Նույն մանկավարժությունն է՝ ինձ համար այդպես էլ անկազմակերպ մի շարադրանք… ոնց էլ որոշում են հերթականությունը… Նկարչական առումով էլ վանող են. քսան տարում սա է մեր հրատարակչական-մանկավարժական ձեռքբերումը՝ մեդիայի այս պայմաններում… Այսպիսով, մենք դասագիրք չստեղծեցինք-չհրապարակեցինք-չտպագրեցինք, այլոց (պետական) արածն էլ իսկի չենք հավանում, որ մեր հեղինակային մանկավարժությունն ընտրած սովորողի ձեռքը, ձեռքներս չի գնում, լեզուներս չի բռնում՝ ուղղորդենք… Խանդ չէ, հաստատ, անկարողություն էլ չէ… Այ, սրա մասին է, որ ուզում եմ պատմել. մի կողմից՝ չեմ էլ սկսել պատմությունը, մյուս կողմից՝ կարծես, սովորեցի…

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել