Mygyumri.com-ը գրում է.

«Գյումրի ջազ ակումբը» շարունակում է գյումրեցի ջազասեր հասարակությանը գեղեցիկը մատուցել: Շուտով` ապրիլի 10-ին, ակումբը կհյուրընկալի տաղանդաշատ երգչուհի Զառա Մարկոսյանին: Այդ առիթով mygyumri.com -ը զրուցել է երգչուհու հետ: Զառա Մարկոսյանը Գյումրիում ու, մասնավորապես, «Ջազ ակումբում» սիրված եւ սպասված հյուր է, հիշեցնենք, որ երգչուհին նախագծի ակումբային ձեւաչափի առաջին հյուրն է եղել: «Գյումեցին յուրատիպ է ընկալում ջազը, ուստի այստեղ միշտ հյուրընկալվելը հաճելի է»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Մեր խնդրանքով Զառան, նախ խոսեց իր ստեղծագործական ուղու մասին. «Իմ մոտ ժամանակի ընթացքում է ջազի նկատմամբ սերը ծնվել, ես դասական երաժշտության դաշնակահարուհի եմ եղել, հետագայում պոպ երգեր եմ երգել, սոուլ, ապա եւ` ջազ: Ես սովորել եմ Ռուսաստանի Գնեսինների անվան ակադեմիայի ջազ վոկալ բաժնում: Իսկ երբ արդեն վերադարձա Հայաստան «Մալխաս ջազ ակումբում» սկսեցի երգել, այսպես էլ սկիզբ դրվեց իմ ջազային կարիերային»:
Երգչուհին կիսում է այն տեսակետը, որ ջազը զգալու, մատուցելու համար կայացվածության բարձր աստիճան, հասունություն ու իմաստնություն է պետք. «Իմ մոտ թերեւս այդպես եղավ, կան ջազմեններ, ովքեր ծնվել են ջազի մեջ»: Երբեմն, մեր երկրում հովանավորներն ավելի ցածրաճաշակ երաժշտությունն ու դրա մատուցումն են աջակցում, մինչդեռ ջազը մնում է ստվերում, ինչո՞ւ է այդպես հարցին Զառա Մարկոսյանի պատասխանը հետեւյալն է. «Գիտեք, մենակ ջազ հասկացողն ու սիրահարը կիմանա, որ դա բարձր գաղափար է, ոչ միայն ճաշակ»:
Գյումրի այցելության մասին երգչուհին հատուկ ընդգծում է մշակութային մայրաքաղաքում ջազին նվիրված մարդկանց, հատկանշելով «Մանուկյան» ընկերության հիմնադիր, պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանին, ով հնարավորն անում է քաղաքում ջազի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման և ջազասեր հասարակության թվի աճի ուղղությամբ. «Այս քաղաքում հումորը միշտ հզոր է, քան մյուս քաղաքներում, ինչ վերաբերում է ջազին, ապա Մկրտիչն ամեն ինչ անում է, որ մարդիկ գան ջազ ակումբ եւ կապվեն ջազին»:
Իսկ մեր վերջին հարցին, թե ըստ մեզ հասած լուրերի, երգչուհու սերն ու կապը Գյումրու նկատմամբ ոչ միայն քաղաքի հանգամանքով է պայմանավորված, այլ նաև անձնական բնույթի հետաքրքրություններ կան, Զառան չբացառեց, նույն հարցը տվեցինք «Մանուկյան» ընկերության հիմնադիր Մկրտիչ Մանուկյանին, ով հավելեց. «Մեղավորը ջազն է»:
Հավելենք, որ Զառա Մարկոսյանի ակումբային ձևաչափով հանդիպումը գյումրեցիների հետ տեղի կունենա ապրիլի 10-ին, ժամը 20:00-ին «Գյումրի ջազ ակումբում» : Մանրամասների համար կարող եք զանգահարել` 055-280-280 հեռախոսահամարով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել