Հայաստանում UNDP–ի «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների կայունության ամրապնդում» հնգամյա ծրագրի շրջանակում կիրականացվի գյուղատնտեսական խոշոր նախագիծ, որը ֆինանսավորելու է Ռուսաստանը:

Մի քանի օր առաջ Երևանում ստորագրվել է համաձայնագիր, որի շրջանակում Ռուսաստանն ավելի քան 5 մլն դոլար կտրամադրի ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) հնգամյա նախագծի շրջանակում Տավուշի մարզի 45 սահմանամերձ համայնքների զարգացման համար։

Ծրագրի մեջ մտնող կետերից են գյուղատնտեսական մեքենաների չորս պարկի ձևավորումը, մոտ 90 էներգախնայող և ջրախնայող ջերմոցների կառուցումը, 120 հեկտար նոր մրգատու և խաղողի այգիների տնկումը: Ծրագրի շրջանակներում կիրականացվեն աշխատանքներ պտղատու կուլտուրաների բերքատվությունը բարձրացնելու ուղղությամբ։ Նախատեսվում է ստեղծել 30 փոքր ժամանակակից ագրովերամշակող ձեռնարկություններ` չիր, պանիր, պահածոներ և գինի արտադրելու համար:

Սպասվում է, որ կկառուցվի գյուղատնտեսական արտադրանքի հավաքման, պահեստավորման, պիտակավորման և վաճառքի երեք կենտրոն։

Ծրագրով նախատեսվում է նաև մշակել Ռուսաստան ուսումնական ճամփորդություններ կազմակերպելու ծրագրեր` գյուղատնտեսական մեխանիզացման, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և դրա արտահանման հնարավորությունների բացահայտման ոլորտում հայ մասնագետների որակավորումը բարձրացնելու համար։ Կվերանորոգի նաև ենթակառուցվածքի 10 օբյեկտ` մանկապարտեզներ, դպրոցներ, համայնքային կենտրոններ` էներգետիկ արդյունավետության տեխնոլոգիաները ցուցադրելու, օպերացիոն ծախսերը կրճատելու և ածխաթթու գազի արտանետումը նվազեցնելու համար: Կներդրվեն նաև ջրախնայող տեխնոլոգիաներ, որոնք նախատեսված կլինեն կաթիլային ոռոգման, հողի խոնավություն պահպանման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել