Ներկայիս պատերազմներում ինչքան կարևոր է զինվորների մարտական պատրաստվածությունը, այնքան էլ՝ նրանց հանդերձանքը և սարքավորումները։ Ավելի լավ պաշտպանությամբ զրահները, ջերմային և գիշերային տեսանելիության սարքերը, զինակիցների հետ կապի միջոցները կարող են մեկ զինվորի արդյունավետությունը մարտի դաշտում ավելացնել մի քանի անգամ։ Որոշ երկրներ գումար չեն խնայում իրենց զինվորներին մինչև ատամները զինելու գերժամանակակից տեխնոլոգիաներով, որոշ երկրներ բավական համեստ են ծախսում իրենց ռազմական բյուջեն։ Իհարկե, լինում են դեպքեր, երբ զինվորների կահ-կարասին կապելուց մի քիչ չափն անցնում են. օրինակ՝ Միացյալ Թագավորության զինվորների դեպքում, ովքեր բողոքում էին, որ վնասվածքների մեծ մասը ստանում են 65 կգ և ավելի սարքավորումներ կրելու պատճառով։
TOO HEAVY A Royal Marine in transit with all his gear

Երկրների մեծ մասը շատ ժլատորեն էր կիսվել իրենց ռազմական ծախսերի մասին տեղեկություններով, ուստի հաջողվեց հավաքագրել այսքանը։ Կարծում եմ՝ հետաքրքիր է իմանալ, թե տարբեր երկրներում ինչքան գումար են ծախսում ամեն զինվորի անհատական սպառազինության և սարքավորումների վրա։

Հայաստան


Հայաստանի բանակի սովորական զինվորի հանդերձանքից և սպառազինությունից, ցավոք, դեռևս բացակայում են ժամանակակից տեխնոլոգիաները, բայց զենքի, զրահի և հագուստի տեսանկյունից չի զիջում այլ երկրների զինվորների սպառազինությանը։ Հայ զինվորի ուսապարկը (դաշտային պայմաններում սնվելու պարագաներով, հիգիենայի պարագաներով, քնապարկով), համազգեստը, զրահաբաճկոնը և սաղավարտը միասին կազմում են մոտ 500 $: Եվ քանի որ քննարկում ենք սովորական զինվորին, ապա որպես զենք կհաշվենք հայկական բանակում ամենաշատն օգտագործվող AK-74 տեսակի ինքնաձիգը, որի շուկայական արժեքը կազմում է 400-800 $: Եվ այսպես. հայ զինվորի անհատական սպառազինությունը և սարքավորումները կազմում են 900-1.300$:

ԱՄՆ

Համաձայն Պենտագոնի լրատվական ծառայության տարածած 2007 թվականի հայտարարության՝ Իրաքում, Աղֆանստանում կռվող ամերիկացի զինվորի հանդերձանքը և սարքավորումները կազմում են 17.500 $: Այն թիվը վերջին տասնամյակի ընթացքում ավելացել է՝ դառնալով 28.000-60.000 $:

Չինաստան

Ինքնաձիգից անձրևանոց, սաղավարտից ուսապարկ՝ չինացի զինվորի հանդերձանքը կազմում է 1.523 $։ Ամենից թանկը Type 95 ինքնաձիգն է՝ 700 $, երկրորդ ամենաթանկ պարագան սաղավարտն է` 254 $:

Ավստրալիա

15 տարվա ընթացքում ավստրալացի զինվորի անհատական սպառազինությունը 3000 $-ից աճեց մինչև 30.000 $: Համազգեստը նոր դիզայն ունի, զրահաբաճկոններն ավելի ապահով են, զենքերը՝ ավելի մահաբեր։ Նրանք իրենց վրա կրում են 58 կգ սպառազինություն, որի մեծ մասը hi-tech սարքավորումներ են։ Ավստրալացի զինվորներն ունեն հակառակորդի կրակի ուղղությունը բացահայտող սարքավորումներ, պայթյունի ուժգնությունը որոշող դետեկտորներ, ցանկացած տեսակի ջուրը խմելու համար պիտանի դարձնող անհատական համակարգեր, բալիստիկ սաղավարտներ և այլն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել