Երեկ կյանքից հեռացավ հայ ժողովրդական արտիստ, սիրված դերասան Կարեն Ջանիբեկյանը: Բնականաբար, բոլորը ցավ ապրեցին՝ այդ լուրը լսելով, քանի որ կյանքից հեռացավ ավագ սերնդի վերջին մշակութային գործիչներից ևս մեկը: Եվ միանգաման բնական էր, որ Ֆեյսբուքը հեղեղվեց ցավակցական ստատուսներով:
Սակայն դրանց կողքին մի փոքր անբնական և հապճեպ եղավ Կարեն Ջանիբեկյանի որդու` Սոս Ջանիբեկյանի ֆեյսբուքային ստատուսը հոր մահվան մասին: Իհարկե, հասկանալի է, որ Կարեն Ջանիբեկյանը սիրված դերասան լինելուց բացի նաև ծնող էր, և հենց իր զավակները պետք է ամենաշատը սգային նրա մահը:
Սակայն որքանո՞վ էր ճիշտ որդու կողմից հոր մահվանից ընդամենը ժամեր անց մտնել Ֆեյսբուք և ստատուսով տեղեկացնել այդ մասին: Չեմ ուզում դատել որևէ մեկին, քանի որ ամեն մեկը յուրովի է պատկերացնում և տանում ծնողի կորստի վիշտը, սակայն կամ Սոս Ջանիբեկյանը չափից դուրս կապված է Ֆեյսբուքին, որ նույնիսկ հոր մահվան մասին է անպայման կիսվում որևէ ստատուսով, կամ ընդհանրապես ֆեյսբուքն անդառնալիորեն մտել է շատերիս կյանքը, և երևի ինչ-որ բան պակաս կլինի այսօր, եթե անգամ անձնական վշտի կամ առավել ևս ծնողի կորստի մասին չկիսվես ֆեյսբուքային ընկերների հետ:
Ինչևէ, ունենալով անձնական կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունք, կարծում եմ, որ այդքան էլ ճիշտ չէր ծնողի կորուստն անպայման արտահայտել ֆեյսբուքային ստատուսով, այն էլ ժամեր անց: Այդ դեպքում, թող ներեն ինձ Կարեն Ջանիբեկյանի հարազատները, բայց ամեն ինչ ստացվում է ոչ այնքան անկեղծ կամ հրապարակային վիշտ խաղարկելու նման մի բան: Սա գուցե թե արդարացված լիներ ոչ այնքան մոտիկ հարազատի կորստի դեպքում, բայց երբ խոսքը գնում է ծնողի մահվան մասին, կրկնում եմ, ամեն ինչ դիտվում է բոլորովին այլ հայացքի ներքո: Ուստի ամենևին զարմացած չեմ Սոս Ջանիբեկյանի ստատուսի մասին նման տիպի կարծիքներ Ֆեյսբուքում հանդիպելուց: Եղավ այն, ինչը սպասելի էր և պետք է լիներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել