Սառած ձեռքերս փորձում եմ տեղավորել նեղ ու անհարմար գրպաններում։ Մանր անձրև է, այնպես, ինչպես նրա գնալու օրն էր։ Թեկուզ հիմա երկինքն աջ կողմից ոնց որ ուզում է պարզվել...
Ես ու դու կորցրինք նրան։ Մեր երրորդին կորցրինք, պապ։ Իմ ու քո շարունակությանը։ Չկարողացանք պաշտպանել նրան էս անտեր աշխարհից, չկարողացանք, թույլ եղանք, անուժ եղանք, անկամք... Յոթը գարուն տեսած մեր գարունին կորցրինք, պապ։
Արդեն վեց տարի է անցել։ Բայց ոչ ես, ոչ դու չենք կարողանում ներել կյանքին, համակերպվել աստծո գործերի՝ իբր «անքննելի» լինելու պնդման հետ։
 

Միշտ չեմ հասկացել էն մարդկանց, ովքեր ժպտում են։ Ցավը սրտերում՝ ժպտում են։ Ո՞նց։ Ես էդքան ուժեղ չեմ, պապ, ոչ էլ դու։ Ու ոչ էլ կյանքն իր ձևով շարունակվում է։ Արևն էլ նույնը չի։ Օդը սկսել է խեղդել, չհերիքել։ Մենք նույնը չենք։ Չենք։
«Մահվան ելքով պատահար է գրանցվել 2009 թվականի ապրիլի 3-ին՝ Մարգարյան-Հալաբյան խաչմերուկում, ժամը 13:30-ի սահմաններում։ Նախնական տվյալներով պատահարի զոհը մոտավորապես 6-7 տարեկան տղա էր, ով, հոր ձեռքը բաց թողնելով, վազել էր փողոց։ Վարորդը չէր հասցրել արգելակել։ Կատարվում է նախաքննություն»:
Մամայի աչքերը... Պապ, դու հիշո՞ւմ ես մամայի աչքերն էդ օրը։ Մենք չենք ներել նրան, պապ. ոչ ես, ոչ դու։ Ինչի՞ գնաց։ Թողեց ինձ, քեզ, գարունը թողեց մեզ մոտ ու գնաց։
Ես հիմա ավելի շատ եմ մրսում։ Ու ոչ մի անգամ չեմ կարողանում ցրտից ճաքճքած ձեռքերս տեղավորել այնքան անհարմար գրպաններում։
Իսկ դու հավատո՞ւմ ես, պապ, որ մարդիկ վերածնվում են։ Ամեն գնացող գարնան մի մասնիկ մնում է իմ մեջ, քո մեջ։ Մենք հիմա նաև նա ենք, պապ։ Նրա մի մասնիկը։ Մի շողը։ Ես որ չապրեմ, դու որ չապրես, որ եթե չկարողանանք հաղթահարել այն, ինչին արժանացել ենք այն պարզ պատճառով, որ բարձրյալի սիրելին ենք, իսկ ամենադաժան փորձությունն էլ նա հենց իր սիրելիներին է ուղարկում, որ եթե չկարողանանք քայլել դեպի առաջ, եթե չկարողանանք վերև նայել, իրար նայել, նա կմեռնի... Երկրորդ անգամ կմեռնի, ու արդեն իմ ու քո պատճառով, պապ...
Արի մամային էլ ներենք։ Ներենք, որ մեր խոհանոցում միշտ երեք ափսե էր, ոչ թե չորս։ Որ նա չի ժպտում մեր ընտանեկան և ոչ մի լուսանկարում, որովհետև չկա այնտեղ։ Որ ես տան աղջիկ ու երկու տղամարդու կերակրող դարձա շատ ավելի շուտ, քան պետք էր։ Քան կարող էի։ Քան ուզում էի... Որ նա թողեց մեզ ու գնաց, որ ուրիշների խոհանոցում դառնա չորրորդը, հինգերորդը, առաջինը... Որ նա ուղղակի թողեց մեզ։ Ու որ այն օրը մեր կողքին էր, բայց ոչ մեզ հետ։ Որ որդու կորստի լուրը լուրերից իմացավ, պապ։ Ներենք, հը՞ն։
Ներենք, պապ ջան։ Էս աշխարհում հիմա երկուսով ենք. ես ու դու ու այն փոքրիկ հողաթումբը, որի հետ ես երբեք չեմ խոսի, չեմ լացի այնտեղ, կարոտս ու ցավս չեմ թողնի՝ խառնվեն հին գերեզմանների հոգնած ու կեղտոտ հողերին։ Մեր գարունը մեր հետ է, չէ՞։ Իմ ու քո հետ։ Մեր պուճուր, համով, չարաճճի, ձեռքդ բաց թողող ու դեպի փողոցը վազող գարունը...
Պապ ջան...
Ինձ թվո՞ւմ է, թե՞ երկինքն իրոք աջ կողմից սկսում է պարզվել մի քիչ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել