Հայկական եթերում ականջս անընդհատ ծակում է «այլևս» բառի սխալ կիրառությունը։ Բառն «այսուհետ» իմաստով արևելահայերեն է մուտք գործել արևմտահայերենից: Եվ ինչպես շատ հաճախ է պատահում` այնքան է շահարկվել ու չարչրկվել, որ զրկվել է նույնիսկ նախնական իմաստից: «Այլևս»-ի պոչից բռնած՝ մեր նորաբանները մոռացել են բառի մյուս հոմանիշները. նրանց համար հիմա գոյություն ունի միայն սա` թող որ անճիշտ, թող որ ծիծաղաշարժ:

Ժամանակակից բացատրական բառարանները «այլևս» բառը բացատրում են այսպես. 1. Այնուհետև, դրանից հետո (ժխտական նախադասության մեջ) և երկրորդ նշանակությամբ` 2. (հնց.) Արդեն: Այսինքն` այն իմաստը, որն այժմ սկսել են ամենուրեք կիրառել, հնացած է և խորհուրդ չի տրվում օգտագործել: Օրինակ` ճիշտ է. նա այլևս չի կարող քայլել: Ճիշտ չէ. նա այլևս կարող է քայլել:

Հայկական մամուլում այս բառի սխալ իմաստով կիրառությունն ինձ անհայտ պատճառներով մոդայիկ է դարձել։ Այս բառը հաստատական նախադասություններում գործածելու դեպքերը չարաշահվում են հատկապես Նազենի Հովհաննիսյանի կողմից։ «Ամենախելացին» շոուի առաջին թողարկման ժամանակ նա 3 անգամ սխալ կիրառեց այս բառը։ Ի դեպ, նա «այլևս»-ը համառորեն ճխտում է անգամ այն նախադասություններում, որոնք այդ բառի կարիքը բնավ չունեն։ Հոլովակում առկա առնվազն երկու դեպքում Նազենին բառն օգտագործում է բացարձակապես անտեղի։ Ի՞նչ է նշանակում «Այլևս սկսում ենք»։ Չգիտես ինչու՝ հաղորդավարուհին կարծում է, որ այս բառի հաճախ կիրառումն ավելի ծանրակշիռ և գեղեցիկ է դարձնում իր խոսքը, այնինչ հաստատական նախադասություններում այս բառի կիրառությունը ոչ միայն սխալ է, այլև ոչ ունկնահաճո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել