-Արթնացի´ր, փոքրի´կ, արդեն առավոտ է:
Բացելով աչքերը՝ փոքրիկ սկյուռիկը կրկին փակեց այն լույսի առատությունից, ապա վեր ցատկելով տեղից ամբողջ թոքերով քաշեց եղևնու խեժով հագեցած օդը: Սև աչքերով քննելով ողջ փչակը՝ մի վայրկայում նա դուրս թռավ, և ճյուղերի արանքից մերթընդմերթ երևում էր նրա փափուկ պոչն, իսկ քրքջուն ծիծաղը լցնում էր ողջ անտառը: «Նոր օր ու նոր բացահայտումներ՚. սա էր սկյուռիկի կարգախոսը, իսկ ամեն մի բացված առավոտը բերում էր իր հետ նոր արկածներ:
- Հեռու չգնա´ս, ուշադի´ր կլինես չանցնես գետից այն կողմ...
Իսկ փոքրիկի ականջները կարծես խլացել էին այն ամենից, ինչ տեսնում էր նա: Որտեղի՞ց այսքան փարթամ կանաչը, որտեղի՞ց առվակին այսքան քաղցր ու երգեցիկ հնչյուններ, որտեղի՞ց այսքան բազմերանգ ծաղիկներ այդքան սքանչելի բույրով, մեղուներ, թիթեռներ, արև... վազում էր խելագարի պես կարծես առաջին անգամ էր տեսնում այդ ամենը, բայց նա մեղք չուներ, ամեն օր նա այդ ամեն գեղեցկությունն իր մեջ բացում էր նորովի, ամեն օր այդ գեղեցկությունը նա տեսնում էր յուրովի: Այդ խելահեղ վազքի ու բացահայտումների մեջ ոտքը դիպավ քարին ու նա սայթաքելով գլորվեց ցած. ցավն ուժգին էր, բայց նա լացակումած ծիծաղում էր, ախր երեկ էր

գլորվել նույն տեղում, նույն քարից, և գիշերն անգամ, երբ հիշում էր այդ օրվա իր բոլոր արածներրը, նա ամուր որոշեց այդ տեղում զգուշությամբ անցնել, որ չսայթաքի քարի վրա, իսկ հիմա այսպես: Այսպես նա գլորվելով հասավ փոքրիկ առվակին : Մի պահ տեսնելով մամռակալած քարերի վրայով արագորեն վազվզող ջրերը, նա, կարծես մոռանալով ցավի մասին, լուռ փորձեց հայացքով որսալ ջրերի անդադար վազքը և իրեն բռնացնելով հիմար զբաղմունքի մեջ, պոռթկաց վարակիչ ծիծաղը. այդ ծիծաղն այնքան համահունչ էր առվակի կարկաչին, կարծես միաժամանակ նույն նոտաների տակ էին կչկչում: Ցատկելով առվակի վրայով նա սլացավ անտառի խորքերը, դեռ այնքան բան կար բացահայտելու, իսկ մայրիկին երեկոյան պետք էր զարմացնել այդ օրվա արկածներով, չէ որ այդպես էր ամեն երեկո, երբ նա հասնելով հարազատ բացատին, գզգզված պոչով վազում էր փչակ, իր հետ բերելով զանազան գտածոներ, որ հայթայթել էր ողջ օրվա ընթացքում, դրանք հաղթանակած փռում էր մայրիկի ոտքերի մոտ, ապա հարուստ ավարառուի աչքերով հարձակվում դեռ ձմեռվանից մնացած կաղինների վրա և կրծելով պատմում թիթեռների, ծաղիկների, կանաչած ծառերի, անտառների մասին իր պատմությունները, մինչ այդպես էլ հոգնում էր և քնում:

Ահա և ժայռը, իր սիրած տեղը, մի քանի շաբաթ առաջ էր բացահայտել այդ քարակույտը, իսկ այժմ այն դարձել էր իր հեքիաթային երազանքների աշխարը, որտեղ մենակ էր, չկար ոչ ոք, միայն թռչունների կատարյալ երաժշտությունն ու արևի ջերմացնող ճառագայթների խուրձը: Փոքրիկի պատկերը մարմարե արձանի նման սառեց ժայռի կատարին, քամին մեղմ խաղում էր նրա փարթամ մազերի հետ. Հայացքը կամացուկ բարձրացավ վերև. չկան այն աստղերը, որ մթի մեջ ցոլցլում են, երկնային եթերը ջինջ է ու մաքուր, միայն թռչուններ են սավառնում այս ու այն կողմ: Ախ, որքան էր երազում ինքն էլ թռչել, ջարդել երկնային լազուրն ու բարձրանալ հեռու, անսահմանություն, բայց ծնողներն ասել էին, որ միայն թռչուններն են թռչում: Ակամա փակվեցին աչքերը, ու նա սավառնեց դեպի երկնային անհունությունը, աշխարհը պտտվում էր նրա շուրջը...
Աչքերը բացելով՝ հայացք գցեց ժայռի ծերպերում աճած կանաչին, այ քեզ հրաշք, ինչպես չէր նկատել, այդ կանաչի վրա հպարտորեն գլուխը վեր էր բարձրացրել մի փոքրիկ կարմիր ծաղիկ, որտեղից նրան այդքան տոկունություն ապրելու: Նա մի ցատկով հասավ ծաղկին, նուրբ շնչեց նրա քաղցր բույրը, ապա պահեց շունչը՝ երկար վայելելու տոկուն այդ ծաղկի դյութանքը ու մանկական թոթովանքով շշնջաց.
-Ոզում եմ քո նման ուժեղ լինել:
Այդ մտքերի հորձանուտում նրան ուշքի բերեց ագռավի զիլ կռռոցը: Ու հանկարծ նկատեց, որ ստվերները երկարել են այնքան, որ ժամանակն է տուն վազելու:
--------------------------------------------------------------------------------------------------------
Արցունքի երկու ջինջ կաթիլ, որ հոսում են սկյուռիկի աչքերով:
Լեռների լանջերով մառախուղի ծվենները գլորվում են ցած: Ցուրտ քամին աջ ու ձախ է քշում դարչնագույն, խոնավությունից ծանրացած տերևները: Բացատի միակ եղևնու ճյուղին էլ նստած է նա: Թաթիկներով գրկել է ինքն իրեն, կարծես ուզում է խեղդվել իր իսկ գրկախառնության մեջ: Աչքերը հառած հեռու հորիզոնի վրա. թվում է՝ աչքերով պիտի պատռի ամպերի հաստ շերտն ու հանդիպի արևին: Արև... Որքան էր նա սիրում արևը, քանի անգամ էր արթնացել նրա շողերի խաղից, որքան էր թավալվել ջերմացնող չառագայթների մեջ: Իսկ այն ժամանակ կյանքն ուղղակի պարգև էր: Ու միայն հիշողություններ...
Այո անցել են այնքան տարիներ, իսկ նա հիշում էր մանկության երազանքները, հիշում իր թռիչքները անհուն երկնքում, հիշում իր միակ սերը՝կարմիր ծաղկին: Ձեռքերի մեջ շոշափեց ջարդված բաժակի կտորը, որի վրա կարմիր ծաղիկ էր պատկերված: Մեղմ ժպիտը խաղաց նրա դեմքին, հիշեց, այն օրը երբ գտավ տարօրինակ այդ իրը, վազեց ծաղկի մոտ և խոստացավ իր մոտ պահել միշտ որպես թալիսման՝ ամեն անգամ նայելու և հիշելու, որ ուժեղ լինելու խոստում է տվել: Բացատում ապրող բոլոր սկյուռները, ինչպես և իր ընտանիքը թողել էին և հեռացել անտառի խորքերը, որտեղ ավելի անվտանգ է, և ուտելիքն ավելի շատ էր: Իսկ ինքը չկարողացավ թողնել իր կարմիր ծաղիկը և մնաց մենակ: Տարիներ շարունակ ամեն գարնան հետ նա վազում էր ու շունչը պահած սպասում ծաղկի բացվելուն, իսկ հիմա ,արդեն ծերությունից հոգնած, հազիվ էր նստում ճյուղին: Կգա նոր գարուն, ծաղիկը կսպասի նրան, իսկ ինքը չկա...
Արևելքից սև երախը բացած մութն էր գալիս ՝փորձելով կլանել վերջին շնչում հևացող լույսի ամեն մի փոքրիկ շող: Խավարի հետ մտքերն էլ էին խամրում ու գորշանում, իսկ պատկերները դառնում պղտոր ուրվագծեր: Վերջին անգամ ողջ թոքերը լցրեց պաղ օդով՝ փորձելով գտնել մանկության ծաղկի թռչնաբույրի մի փոքրիկ երանգ, ավա՛ղ միայն ցուրտ էր ու անտարբերություն: Ծերությունից հոգնած ոտերով հազիվ հասավ փչակին, վերջին հայացքը նետեց արդեն խավարած աշխարհին, ապա դանդաղ փակեց փչակի մուտքը՝ պատրաստվելով վերջին ձմեռվան...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել