gas

Asparez.am-ը գրում է.

Երեկ ԵՏՄ Հայաստանի անդամակցության հետեւանքներից խոսելիս՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննեսյանն անդրադարձավ նաեւ գազի ու բենզինի գների խնդիրներին:

2013թ. ստորագրված գազային համաձայնագրով՝ Հայաստանը առաջիկա 29 տարում չի կարող այլ երկրներից գազ գնել, ու փաստորեն ստիպված է օգտագործել ռուսական թանկարժեք գազը. 

-Սա բավականին խնդրահարույց է: Եթե այն ժամանակ մեզ ասում էին, որ դա շահավետ պայմանագիր է, վերջին մի քանի տարվա դեպքերը ցույց տվեցին, որ դա այդքան էլ շահավետ պայմանագիր չէ: Մեզ ասում էին, որ գազի գինը Ռուսաստանի ներքին գինն է լինելու: Ռուսաստանում գազի ներքին մեծածախ գինը 1000 խմ-ի դիմաց, 4400 ռուբլի է, Հայաստանում այն վաճառվում է արդեն 186 դրամով, ինչը ներկայիս փոխարժեքով մոտ 20 ռուբլի է: Բայց կան մի քանի խնդիրներ. գազային պայմանագիրը ստորագրված է  դոլարով, ու ոչ թե ռուբլով, այսինքն՝ երբ դրամն ու ռուբլին անկում ապրեցին, «ՀայՌուսգազարդը» խոսեց այն մասին, որ գազը գնում են դոլարով ու դոլարի բարձրացմանը զուգընթաց՝ պետք է բարձրանա նաեւ գազի գինը, այն դեպքում, երբ «ՀայՌուսգազարդը» գազը գնում է «Գազպրոմից» եւ ինքն է հանդիսանում Գազպրոմի դուստր ձեռնարկությունը, այսինքն, այդ 189 դոլարը «Գազպրոմի» մի գրպանից գնում է մյուս գրպանը, ասում է Դ. Իոաննեսյանը:

Նա ավելացնում է. եթե գազային պայմանագիրը կնքված լիներ ռուբլով, ապա գազի գինը երկու անգամ պետք է իջած լիներ, որովհետեւ ռուբլին երկու անգամ իջել է: Բացի դրանից, գազի միջազգային գինը 40 տոկոսով անկում է ապրել, նավթի ու դիզվառելիքի գներն էլ իրենց հերթին են իջել, իսկ մեզ մոտ գազային համաձայնագրով գազի գինը կապված է միայն դոլարի հետ.

-Այսինքն, այն պարագայում, երբ Ուկրաինայի, Մոլդովայի, Եվրոպայի համար, որոնք Ռուսաստանի հետ այդքան էլ դաշնակից չեն, գազի գինը ընկնում է, մեզ համար գազի գինը բարձրանում է: Հետաքրքիր փաստ՝ Ռուսաստանի թշնամի Ուկրաինայի բնակիչները գազի համար վճարում են ավելի քիչ, քան մենք:

Մ.Պետրոսյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել