Ընթերցվածք` Ես. 66.1-24, Կող. 2.8-3.7, Մատթ. 22.34-23.39

Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան կիրակի: Այսօր Եկեղեցին իր ընթերցվածքներով ու շարականներով անդրադարձ է կատարում նախ Հիսուս Քրիստոսի Առաջին Գալստյանը, որ Տիրոջ մարդեղությունն էր, ապա Երկրորդ Գալստյանը, որ կլինի ժամանակների վախճանին:
Ըստ էության, այս կիրակին բովանդակում է փրկության խորհուրդը, որովհետև Քրիստոսի առաջին գալստյամբ մեզ հնարավորություն ընձեռվեց մաքրվելու մեր մեղքերից և առաջնորդվելու փրկության ուղով, իսկ երկրորդ գալստյամբ պիտի կարողանանք մեր բարի գործերով արդարանալ ահեղ դատաստանին և Տիրոջ ողորմությամբ արժանանալ երկնքի արքայության: Տերը նախ եկավ ծառայի կերպարանքով` սպասավորելու և օգնելու մարդուն, ապա պիտի հայտնվի Թագավորի պես` մարդու գործերի համեմատ դատաստան անելու:
Ավետարաններում և առաքելական թղթերում Երկրորդ գալստյան նյութի բազում արծարծումներ կան, սակայն ոչ թե սարսափեցնելու համար, այլ որպեսզի յուրաքանչյուր քրիստոնյա գիտակցի և հոգու խոնարհությամբ պատրաստ լինի դիմավորելու Տիրոջը:
Քրիստոս Ինքն է իր հետևորդների հետ խոսում Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգո´ւյշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի. որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե` ե´ս եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…: Ազգ ազգի դեմ պիտի ելնի, և թագավորությունը` թագավորության դեմ, և պիտի լինեն սով, համաճարակ ու տեղ-տեղ երկրաշարժներ: Սակայն այս ամենը սկիզբն է երկանց: …Եւ բազում սուտ մարգարեներ պիտի ելնեն ու շատերին պիտի մոլորեցնեն: Եվ անօրինության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի: Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի» (Մատթ. 24.4-13):
Տերը հուշում է մեզ Իր գալստյան նշանները, որոնք մենք թերևս տեսնում ենք նաև այսօր: Մի՞թե մեր օրերում չկան պատերազմներ, համաճարակներ ու երկրաշարժեր: Մի՞թե երևան չեն գալիս սուտ մարգարեներ և կեղծ փրկիչներ և իրենց մոլագար բացահայտումներով ու աշխարհի մոտալուտ վախճանի մասին թյուր հայտարարություններով ալեկոծում ողջ մարդկության կյանքը: Արդյո՞ք ահագնացող անօրենության հետ մեկտեղ չենք նկատում սիրո նվազումը մարդկանց և հասարակության մեջ: Որքա˜ն ցավալի և հիասթափեցնող է այդ ամենը: Ուրեմն, ի՞նչ: Մի՞թե վերջն է, ավարտը մարդկության, կործանումն արարչության և սկիզբը նոր ժամանակների: Պետք է թևաթա՞փ լինենք ու սպասե՞նք:
Նույն Ինքը` Տերը հանդարտեցնում է մեզ, թե ոչ ոք չգիտի այդ օրն ու ժամը, անգամ Որդին, ոչ մեկին հայտնի չէ, թե ե´րբ են երկինքն ու երկիրը անցնելու և ե´րբ է մեծ փառքով հաստատվելու Աստծու թագավորությունը: Փոխարենը Քրիստոս մեզ կոչում է զգաստության, արթնության և համբերության, որովհետև «ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի»: 
Այս է բուն խորհուրդը Գալստյան կիրակիի: Լինենք բարեպաշտ, պարկեշտ ու արդար, որովհետև անշեղ հավատքի տեր, մաքրասիրտ ու բարեգործ մարդը կարող է համբերատար կերպով ու սիրով սպասել Տիրոջ հրաշափառ գալստյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել