11079847_825206934181181_197292297_nԱրմինեն շաբաթվա ընթացքում իմ խաթեր ոտքի վրա էր մնում, դրանից իր հիվանդությունը, ավաղ, խորացավ… Առանց հարազատական դեսանտի գլուխ չես հանի. ի՜նչ լավ է, որ մարդ այսպիսի հարազատներ ունի… Իմ օրագրի ընթերցողին քաջածանոթ Թամար զալոն, անփոխարինելի Րուզան մորաքույրն ու որպես ռմբակոծիչ ներխուժած Էդիտ քույրիկ Հովհաննիսյանը, մեր բժիշկ-հարսիկ Անահիտը… Մի օր առաջ էլ տեղում էին Տաթևիկն ու Արևիկը, Սուսան Հովհաննիսյանն ու Նազենի կրտսերը… Մարդու հիվանդանալը գալիս է։

Էդիտան ու Ռուզանը, պարզվում է, պիտի իրար նման լինեին՝ նույն 1980-ի ծնունդն են. զույգ կազմեցին, բլոկ արեցին Դավթին, Դավիթն էլ ի՞նչ դիմանա էս եռանդուն հմայիչ քույր-մորաքույրական տանդեմին… Ու տեսեք՝ ինչ «կուկլա» տղա ունենք. Շուշանը Վիեննայից նայի, զմայլվի:

Դավիթը, քրոջը տված խոստմանը հավատարիմ, ուրբաթ օրը՝ ուղիղ ժամը 9-ին, լողացած-նորացած Սասունցի Դավիթ, եղավ ժամադրավայրում։ Տաթև Բլեյանն սպասում էր, իհարկե. միասին ածիկներն են ջրել, միասին վառ տպավորություններով օր անցկացրել… Հիմա մի քիչ դժվար է հավատալ, որ Դավիթն այս նշանավոր գրիպը շրջանցի, բայց երեկ իրիկուն, երբ մնացել էինք տղամարդ-հիվանդապահներով, մենք մեզ արժանի դրսևորեցինք…

Դավթին հեքիաթ պատմելը քնելուց առաջ լուրջ փորձություն էր ինձ համար. վաղուց ինձ այդպես իմ սիրելի «Պոչատ աղվեսի» վրա քնած չկայի… Ամեն ինչ մանրազնին ուսումնասիրվում է հեքիաթում, ո՞ւր ունենք շտապելու. հեքիաթի պատումը տևեց մեկ ժամ… Դավիթը քնեց, ես, իհարկե, իրենից շուտ, մահճակալի կողքին, ներքնակի վրա… հակառակ երեկվա իմ բոլոր բժիշկների նշանակումների… Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն….

Շաբաթ է. առավոտ է: Դավիթը ինքնախոսում է, ինքնախաղում, ինքն իրեն զբաղեցնում… Դավիթը կարողանում է տանը իր աշխարհի հետ մենակ մնալ. իր մեքենաները, հեծանիվը, գրքերի աշխարհը, իր մուլտերը… Աչքը դուրս չէ, բայց եկողին է. մեկը գա՝ մեծ կամ պակաս մեծ, բայց իրենից մեծ, ինքը զբաղեցնի՝ պատմի, ցուցադրի, թելադրի… Մեկումեջ էլ հիշեցնում է.
– Ո՞ւմ ենք կանչել այսօր:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել