Աշխարհում մի տարածք կա, որը  հեռու է  մարդկային աչքերից :  Այդ տարածքում միշտ կիսախավար է  տիրում : Տարածքում կա չորս պատ ու չկա տանիք . վերևում մութ երկինքն է: Չորս պատերի ներսում՝ հատակին, գորգ կա փռված,  իսկ մի անկյունում ՝փոքրիկ սեղանիկի վրա, դրված է լուսամփոփը: Սենյակում կիսախավար է :
Գորգի վրա   ծխախոտի տուփեր են ու  երկու ծածկոց. սրանք ամենաանհրաժեշտ իրերն են : Չորս պատով փակված տարածքում այս երկուսից բացի էլ ոչ մեկ չի լինում :  Մարդիկ չգիտեն այս տարածքի մասին, նրանք նույնիսկ գաղափար չունեն, որ այս երկուսն իրենց անձնական, մարդկանցից հեռու տարածքն ունեն ու ժամանակ առ ժամանակ այստեղ են հանդիպում : Ավելին՝ սա նրանց ամենասիրելի վայրն է: Տարածքը  գաղտնի է պահվում, այդ իսկ պատճառով էլ ամենասիրելին  է :
Մեջքները պատին դեմ տված նստած են  տարածքի տերերը՝  այդ երկուսը :  Ոտքներին ծածկոցներն են գցել: Ծխում են : Հաճույքով են ծխում : Նայում են երկնքին:
-Լավն է մեր երկինքը:
-Շա՜տ...որովհետև մենք ենք ստեղծել :
-Հա, չեմ հասցնում  հաճախ գալ, կներես...
-Հասկանում եմ:
-Կարոտում եմ:
-Ես էլ:
-Մեր պատերի նույնիսկ սառնությունն է ուրիշ:
-Հա, նույնիսկ սառնությունն է ուրիշ : Մենք այլ կերպ ենք ամեն բան զգում այստեղ, չէ՞
-Հա...Քիչ եմ գալիս : Բայց շատ եմ հիշում : Քո ու տարածքի կարիքը շատ եմ զգում:
Վայրկյաններ տևող լռություն : Ծխախոտի մի քանի կում: Թեթև հազ:
-Մի բան հարցնե՞մ
-Ասա:
-Ինչու՞ մեր տարածքի մասին ոչ ոք չգիտի:
-Չեն հասկանա:
-Ինչու՞ :
-Սխալ կընդունեն, կամ ընդհանրապես չեն ընդունի :
-Պետք է թաքնվե՞լ:
-Մենք չենք թաքնվում, մենք  այստեղ վայելում ենք կյանքը : Ինչու՞ մարդկանց պատմել մի բանի մասին, որը նրանք,մեկ է , չեն հասկանա:
-Հա...Ճիշտ ես :
-Ամեն գաղտնի  բան հաճելի է : Հատկապես, երբ ունես  անձնական տարածք: Հատկապես, երբ կա մեկը, ում հետ  կարող ես այդ տարածքը կիսել...
-...Թաքուն-թաքուն: Ու  հանգիստ լինել, որովհետև դու այստեղ այն ես , ինչ կաս, կարող ես ատել ու սիրել...
-...Կարող ես նույնիսկ անկեղծ ու բա՜րձր ծիծաղալ...Լաց լինել...
-...Այստեղ  ծածկոցներ կան...
-... Ու  երկինք...
-...Պատերն էլ   թեթևակի արձագանքում են: Հաճելի է:
-Ծխախոտն էլ չի ավարտվում :
-Սիրում եմ մեր տարածքը:
-Ես էլ: Շա՜տ, այնքան շատ, որ նույնիսկ...Նույնիսկ ինքս ինձ չեմ պատմում այս տարածքի մասին: Այ  այդքան գաղտնի եմ պահում:
-Տարա՞ծքն ես գաղտնի պահում, թե՞ ինձ:
-Առանց քեզ այս տարածքը չի կարող լինել: Չկաս դու՝ չկա տարածքը : Չլինեմ ես՝ տարածքն էլի չի լինի : Մենք ենք նրան ստեղծում:
-Հա, հետաքրքիր է...
-Շատ :
-Քիչ ես գալիս:
-Բայց շատ եմ կարոտում:
-Հավատա՞մ:
-Հա, քիչ եմ ասում, քիչ եմ խոսում, բայց ես այստեղ իրոք հանգստանում եմ: Մենակ թե խնդրում եմ, արի տարածքի մասին մարդկանց չպատմենք, հա՞ :
-Ախր չեմ հասկանում...
-Ոչինչ, ոչի՜նչ : Արի առանց հասկանալու  գաղտնի պահենք : Արի այստեղ հանգստանանք, զրուցենք ու մեր զգացմունքները պատմենք պատերին...
-...Ու լուսամփոփին:
-Հա:
-Համաձայն եմ : Չեմ հասկանում, բայց...Լավ, առանց հասկանալու համաձայն եմ : Մենք ենք ու մեր պատերը:
-Մենք ենք ու մեր երկինքը:
-Քիչ ես գալիս: Առանց քեզ տարածքը էլ մերտարածքը չէ :
-Շատ եմ կարոտում, բայց չեմ կարողանում հաճախ գալ, կներես: Բայց հիշում եմ : Անընդհատ հիշում եմ :
-Ես էլ եմ կարոտում :
-Գիտեմ:Ես ամեն ինչ  էլ գիտեմ :
Վայրկյաններ  տևող լռություն :  Ծխախոտի միքանի կում : Աջ անկյունում  լուսամփոփ : Պատերի ներսում  ջերմություն է :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել