Ըստ 13-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, երբ 10-րդ դարում Սյունիքում օծվեց Տաթևի գլխավոր եկեղեցին, ստեղծվեց միաբանությունը, հարկատվության նպատակով վանքին նվիրաբերվեցին բազմաթիվ գյուղեր ու կալվածքներ: Շրջակայքի որոշ բնակավայրերի (Ցուրաբերդ, Տամալեք, Ավելադաշտ) բնակիչները վճռականորեն ընդվզելով այդ որոշման դեմ, հարձակվում են վանքի վրա, թալանում, ավերում են վանքը, կոտորում են վանականների մի մասին, իսկ մյուռոնը թափում են ժայռն ի վար: Շուրջ 100 տարվա ընթացքում նմանատիպ 3 դեպք է նկարագրվում:
Մի կողմ թողնելով պատմիչի դասակարգային կողմնապահությունն ու կրոնական քողը, բնակչության նման կեցվածքը կարող է հանդիսանալ միայնումիայն սոցիալական ծանրագույն վիճակի հետևանք: Երբ մարդիկ անսահման կեղեքվում են մի կողմից օտար զավթիչների, իսկ մյուս կողմից սեփական իշխանավորների ու հոգևորականների ձեռքերով, ապա ժողովրդի ցանկացած տիպի ընդվզում ոչ միայն ընկալելի է, այլև լիովին ընդունելի: Առավել ևս այն դեպքերում, երբ օտար և սեփական կեղեքիչներին չհնազանդվելու հետևանքների միջև էական տարբերություն չի լինում:
Հետագայում տվյալ ընդվզումներին փորձել են տալ աղանդավորական մեկնաբանություններ: Համենայնդեպս, պատմիչը տվյալ դեպքերը շարադրելիս ոչ մի աղանդի մասին չի խոսում, սակայն նրան հայտնի են վաղ միջնադարյան «աղանդավորական» շարժումներն ու նրանց դեմ իրականացված պայքարի մանրամասնությունները: Եթե նույնսիկ տվյալ ընդվզումների հիմք է հանդիսացել աղանդավորական շարժումները, միևնույնն է, ցանկացած աղանդի տարածումն ու զարգացումը կապված է տիրող սոցիալական ծանրագույն իրավիճակների ու անարդարությունների հետ: