«Ճանաչում ունեցող մարդն ինչքան համեստ ու անկեղծ լինի, այնքան նրան ավելի շատ կսիրեն և կհարգեն». Գրիշա ԱղախանյանQahana.am-ը գրում է.

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրը սիրված դերասան, հաղորդավար, երգիչ, պրոդյուսեր Գրիգոր Աղախանյանն է:

Լինելով հայտնի, սիրված մարդ ժողովրդի կողմից, ինչպե՞ս եք կարծում, ի՞նչ է տալիս ճանաչումը մարդուն և արդյո՞ք այն տանում է հպարտության, «աստղային հիվանդության»:

Ցավոք սրտի, մեծ մասամբ դրան է տանում: Իմ կարծիքով, խորհրդային տարիներին է բնորոշ մարդկանց դեպի «աստղային հիվանդություն» տանելը, որովհետև ապրելով Եվրոպայում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում և հանդիպելով շատ ճանաչված, աշխարհահռչակ մարդկանց հետ՝ տեսնում ես, որ նրանք շատ համեստ, անմիջական մարդիկ են: Այստեղ շատ են եղել առիթներ բանավիճելու այդ թեմայով, բայց անօգուտ է. ովքեր ունեն այդ հիվանդությունը, նրանք անուղղելի են: Ես այդպիսի մարդկանց հետ հազվադեպ եմ շփվում: Գտնում եմ, որ ճանաչում ունեցող մարդն ինչքան համեստ ու անկեղծ լինի, այնքան նրան ավելի շատ կսիրեն և կհարգեն: Ես հարգում եմ այդպիսի մարդկանց, ինքս էլ ձգտում եմ այդպիսին մնալ:

Ի՞նչ տեղ ունի Աստված Ձեր կյանքում: 

Հավատն առ Աստված միշտ կար, նույնիսկ այն ժամանակ, երբ պարտադրվում էր աթեիզմը: Իսկ վերջին տարիներին քնելուց առաջ աղոթում եմ, շնորհակալություն եմ հայտնում անցած օրվա համար, անկախ նրանից, թե այն ինչպես է անցել: Երիտասարդ տարիներին որոշ բաներ այդքան չէի գիտակցում, իսկ հիմա շատ բան է փոխվել իմ մեջ, հավատն է մեծացել: 
Մայրս միշտ հորդորում էր լավատես լինել, ամեն ինչ սրտին մոտ չընդունել, բայց, միևնույն է, անարդարությունն ինձ միանգամից հունից հանում է: Ուզում եմ, որ ամեն ինչ ճիշտ և արդար լինի՝ հասկանալով, որ այդպես չի լինում:

Դուք մկրտված եք: Ի՞նչ խորհուրդ ունի մկրտությունը Ձեզ համար:

Շատ մեծ: Երբ երեխաս քառասուն օրեկան դարձավ, նրան բերեցինք եկեղեցի և անհրաժեշտ արարողությունն արվեց: Նախկինում գուցե այդքան հետևողական չլինեի այդ հարցում, բայց տարիները մարդուն ավելի իմաստուն և խելացի են դարձնում: Երեխաս այժմ ութ ամսեկան է, արդեն մտածում եմ նրան մկրտելու մասին: Այն ամենն, ինչ կապված է մեր Եկեղեցու խորհուրդների հետ, շատ կարևորում եմ: 
Երեխայի ծնունդից հետո մեր կյանքում շատ մեծ, դրական փոփոխություններ եղան. անհույս, անլուծելի թվացող մի քանի գործեր հաջող լուծում ստացան: Բնականաբար, ես այդ հաջողությունները կապում եմ երեխայի ծնունդի հետ, չհաշված այն դրական զգացմունքները, որ նա պարևում է մեզ:

 

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դուք արեք նրանց, որովհետև այդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ. 7.12): Այս ոսկե կանոնը որքանո՞վ է իրագործելի Ձեր կյանքում:
Հավատացեք, որ փորձում եմ այդպես ապրել: Պապիկս, հայրս ինձ սովորեցնում էին, որ մարդը պետք է բարի լինի: Փոքր տարիքում Աստվածաշնչին ծանոթ չէի, բայց ինձ այնքան ճիշտ դաստիարակեցին, որ ես ձևավորվեցի այդ մթնոլորտում՝ լինել բարի, ջերմ: Պապիկիցս շատ բան եմ սովորել. ինչ հարգանքով էր բարևում մարդկանց, գլխարկը հանած խոնարհվելով ողջունում էր կանանց… Ես ամեն ինչ սպունգի պես կլանում էի: Բայց կյանքը բարդ է, շատ դժվարություններ կան, մարդիկ տարբեր են, անարդարությունները շատ են:

Ո՞ր տարիքից սկսեցիք Աստվածաշունչ կարդալ:

Մոտ երեսուն տարեկան էի: Ես շատ փոխվեցի: Կարդում էի Աստվածաշունչը, երբ մենակ էի մնում, սկսում էի այդ ամենն իմ ներսում քննարկել: Ցանկանում ես հետևել Աստվածաշնչի պատգամներին, անես լավն ու բարին, բայց կյանքում շատ հակասություններ կան: Սկզբում շատ էի նեղվում դրանից, բայց հետո եկա այն համոզման, որ մարդը պետք է փորձի ապրել ճիշտ և արդար:

Ինչպե՞ս եք վերաբերվում «Ես կամ» հաղորդաշարին: Ի՞նչ տվեց այն Ձեզ:

Շատ լավ: Ես մտածում էի, որ եթե որևէ երեխա ցանկանա ինձ հետ հանդիպել, ես սիրով ընդառաջ կգնայի: Եվ մեծ եղավ ուրախությունս, որ երկու օր անց Ջավահիրը ինձ հրավիրեց երեխայի հետ հանդիպման: Մենք մի ամբողջ օր անցկացրեցինք միասին, շատ բարի և լավ մթնոլորտ էր: Կարծում եմ, որ երեխայից էր գալիս այդ դրական էներգիան: Ես ուզում էի, որ ամեն ինչ շատ լավ լինի, որ ամենն իրեն դուր գա, և այդպես էլ եղավ: Դա ինձ համար էլ էր հաճելի:

Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

Ցանկությունս է, որ մարդիկ միմյանց հանդեպ ջերմ և բարի լինեն: Եթե ես և շատ մարդիկ այդպիսին ենք, ուրեմն բոլորը կարող են այդպիսին լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել