Հումորային սիրված դուետի՝ Հայկո-Մկոյի բաժանումը և նրանց առանձին գործունեությունն առայսօր մտահոգում է շատ հեռուստադիտողների: Նույնիսկ ես, ակամայից, նրանց անունները գրեցի միասին, քանի որ ինձ մոտ էլ այս երկու կատակերգական դերասաններն ասոցացվում են միմյանց հետ, և վստահ եմ՝ դեռ շատերի մոտ:
Առայսօր շատերին հետաքրքրում է, թե ինչու այս զույգը բաժանվեց, և հատկապես ո՞ւմ նախաձեռնությամբ կամ ո՞ւմ մեղավորությամբ: Երեկ իր ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ Հայկոյին նման հարց էր տրվել, և նա պատասխանել էր, որ նախաձեռնությունը եղել է Մկոյի կողմից, քանի որ նա ինքը ցանկություն է հայտնել առանձին շարունակել իր կարիերան, ապա նաև հայտնել էր, որ 99 տոկոսով վստահ է, որ պատճառն իր քաղաքացիական ակտիվությունը չէ:
Հայկոն նաև հայտնել էր, որ ինքը բաց է Մկոյի հետ համագործակցելու համար: Ավելին՝ նրանց միջև կա մշտական շփում: Նույն այս թեմայի շուրջ Life.panorama.am կայքը զրուցել է նաև Մկոյի հետ, որպեսզի իրավիճակի միակողմանի մեկնաբանություն չլինի: Եվ որքան էլ զարմանալի լինի, Մկոյի անդրադարձը տեղ-տեղ ուղղակի հերքում է Հայկոյի մեկնաբանությունները:
Եվ այսպես, պարզվում է, որ նախկին կատակերգական զույգը, ինչպես հայտնում է Մկոն, արդեն երկու տարի է՝ չունի որևէ շփում, ինչպես ասուլիսի ժամանակ նշել էր Հայկոն, իսկ նրանց բաժանման պատճառը նեղ անձնական է, որի մասին Մկոն չցանկացավ բարձրաձայնել: Ավելին, Հայկոյի կարծիքի մասին, որ նա բաց է համագործակցության համար, Մկոն շեշտել է, որ նորից միավորումը բացառվում է, քանի որ դա իր համար կլինի «դոփել տեղում»:
Որքան էլ սիրենք Հայկոյին, պետք է փաստենք, որ ստացվեց այնպես, որ Հայկոն իսկապես անկեղծ չէր իր պատասխաններում, ի տարբերություն Մկոյի, որը պարզ ասաց ամեն ինչ՝ առանց որևէ բան թաքցնելու: Ստացվում է, որ թաքցնելու բան ավելի շատ ունի Հայկոն, քան Մկոն, հետևաբար, կարելի է ենթադրել, որ դուետի բաժանման առիթն ու պատճառը հենց Հայկոն է եղել: Ավելին, Մկոյի պատասխաններից ենթադրվում է, որ եղել է կոնֆլիկտային իրավիճակ, այլապես նա չէր անվանի իրենց հետագա համագործակցությունը «տեղում դոփել» և չէր բացառի հետագա միավորումը:
Իսկ եթե դատենք հեռուստաեթերով, ապա վստահորեն կարելի է պնդել, որ այսօր եթերում ավելի շատ երևում է Մկոն տարբեր նախագծերում, ի տարբերություն Հայկոյի, որին այսօր միայն տեսնում ենք տարբեր գովազդային հոլովակներում և ժամանակ առ ժամանակ ֆիլմերում: Ստացվում է այնպես, որ բաժանումից ավելի շատ տուժեց հենց Հայկոն, այնինչ Մկոն ապացուցեց, որ նույնիսկ միայնակ կարող է շարունակել գործունեությունը նույնքան արդյունավետ, որքան նախկինում էր: