Շատ է քննարկվում համայնքների խոշորացման կառավարության ծրագիրը, որն արդեն բազմաթիվ դժգոհություններ է հարուցել, հատկապես մարզերում։ Կառավարությունը հիմնավորում է այս բարեփոխումը հերթապահ արդարացումներով և գյուղացիներին հավաստիացումներ է տալիս, որ խոշորացումից հետո կյանքը մեղր կդառնա, որովհետև և՛ գումարներ կտնտեսվեն հայրենական բյուջեի ծախսերից, և՛ Համաշխարհային բանկը ներդրումներ կանի։

Հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը։ Մեր կառավարությունն իրականում ամենամեծ գրանտակերն է, ու հերթական անգամ ականատես ենք լինում, թե ինչպես կարելի է հանուն օտարերկրյա բազմամիլիոնանոց դրամաշնորհներ լափելու գնալ ցանկացած արկածախնդրության ու հաշվի չնստել հետևանքների հետ։

Գիտե՞ք՝ ինչպիսինն է իրական պատկերը. Կառավարությունը գրանտ է վերցրել Համաշխարհային բանկից ու դրա փուլային կատարման դիմաց գումարներ է ստանալու։ Իրենց հիմա պետք են արդյունքներ՝ թղթաբանությունն ու զեկուցագրերը գրելու համար, որպեսզի գրանտային նոր փոխանցումներ ստանան, դրա համար էլ այսպես համառում են ու հետևողականորեն բրթում են իրականում շատ ռիսկային այս բարեփոխումը։

Ոչ մի վայրկյան չեմ հավատում Կառավարության ազնիվ մղումներին, առավել ևս, եթե որպես փաստարկ բերվում է պետական ապարատի օպտիմալացման ու խնայողություններ անելու անհրաժեշտությունը։ Եթե Հովիկ Աբրահամյանն ու իր կառավարությունն այդքան ցանկանում են օպտիմալացնել ապարատն ու անիմաստ ծախսերը քչացնել, ապա ոչ թե պետք է խեղճ ու կրակ գյուղապետների ու մարզային չինովնիկների մակարդակից սկսեն, այլ հենց իրենցից։

Վստահեցնում եմ ձեզ, եթե այսօր կառավարությունից ու կառավարությանը կից մարմիններից դուրս շպրտեն ողջ օրը «Zuma» ու տետրիս խաղացող հարյուրավոր չինովնիկներին, կրճատեն բոլոր այդ անիմաստ հաստիքները, չպահեն այդքան օգնականներ, խորհրդականներ, օգնականների օգնականներ և խորհրդականի խորհրդականներ, ապա շատ ավելի մեծ տնտեսում ու շատ ավելի անհրաժեշտ օպտիմիզացիա կարվի։

Ինչի՞ մասին է խոսքը, այսօր մենք նույնիսկ անիմաստ ու ռուդիմենտար նախարարություններ ունենք (թող ինձ ների Հրանուշ Հակողբյանը), բայց իրենք, հրապարակի շենքում նստած, ցոփ ու շվայտ կյանք են վարում, չեն սահմանափակում իրենց ոչ մի ծախս, իսկ հենց բանը հասնում է տնտեսումներին ու անիմաստ չինովնիկական հաստիքներ կրճատելուն, խեղճ ու կրակ գյուղերի մասին են հիշում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել