Ամեն մարդ, յուրաքանչյուր ստեղծագործող, ինչ խոսք, պետք է լիարժեք հնարավորություն ունենա իր միտքը, տեսակետը, կարծիքը, ստեղծագործության արգասիքն անարգել, առանց խոչընդոտի ներկայացնելու համար: Եվ լավ է, որ մեր երկրում, մեր մեդիա տիրույթում այդ իրավունքի իրացումը հնարավորինս ապահովված է: Ու այն, ինչ ասում եմ, ոչ մի կերպ ուղղված չէ այդ իրավունքի իրացման դեմ: Առավել ևս, լինելով լրագրող, թե՛ մասնագիտության բերումով, թե՛ իմ աշխարհընկալմամբ, չեմ կարող խոսքի ազատություն ասվածին դեմ լինել: Բայց:
Արդեն երևի երկրորդ անգամ, չասեմ՝ «թերթերից մեկում», այլ կոնկրետ՝ «Հայկական ժամանակ» թերթում հանդիպում եմ մեր տաղանդավոր ծաղրանկարիչներից մեկի՝ Արզօյի ծաղրանկարներին, որոնցում պատկերված է… Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հանրահայտ հուշարձանը:
Չգիտեմ, թե ում համար՝ ոնց, բայց ինձ համար դա շատ վիրավորական է: Նույնքան վիրավորական, եթե որևէ մեկը փորձեր, օրինակ, իմ հարազատի տապանաքարի հետ կապված ծաղրական մի բան ասեր կամ աներ: Ամենայն անկեղծությամբ եմ ասում:
Կրկնեմ. Արզօն տաղանդավոր հայ ծաղրանկարիչ է: Սուր միտք ունի: Ու վստահ եմ, որ իր «ծաղրանկարած» թեման կարող է արտացոլել նաև այլ պատկերներով: Ու նաև այդ պատճառով, ոչ մի կերպ չեմ կարող ընկալել, հասկանալ, թե Ծիծեռնակաբերդի հուշարձանը, ախր, ծաղրանկարի ի՞նչ մի թեմա է:
Լավ, այլ բան չասեմ. մի՞թե այդ հուշարձանի հետ ոչ մի հարազատություն չեք զգում, որ հուշարձանի պատկերը ծաղրանկարում արտացոլելու ենթակա եք համարում: Վստահ եմ, որ չկա մի հայ մարդ, որ Ծիծեռնակաբերդի հուշարձանը նաև անմիջականորեն իրեն առնչվող չհամարի: Ուստի, պարզապես բարեկամաբար ասում եմ. «գործընկերներ ջան, մի հատ ինքներդ նայեք, թե ինչ եք արել»: Ու, եթե լավ նայեք, հուսով եմ, կհամաձայնեք, որ դա, մեր մեջ ասած, անելու ենթակա բան չէր:
Արմեն Հակոբյան
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.hakobyan.31521/posts/814398785301210?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել