1in.am-ը գրում է․
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մարտին Սարոյանի նախագահությամբ ավարտվել է Վաղինակ Սարգսյանի գործի դատական քննությունը:
29-ամյա Վաղոն՝ Վաղինակ Սարգսյանը 4-ամյա կրթություն է ստացել, խնամքին ոչ ոք չունի: Իր տարիքում նա արդեն նախկինում 3 անգամ դատապարտվել է:
Վերջին պատժից ազատվել է համաներումով՝ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին:
Ներկայումս Վաղինակ Սարգսյանը մեղադրվել է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Նա կալանքի տակ է 2014 թվականի հուլիսի 25-ից:
Վաղինակը մեղադրվել է իր բարեկամին՝ հարազատ հորաքրոջ որդուն դիտավորյալ սպանելու համար:
Ըստ դատական ակտի՝ վերջին պատժից ազատվելով՝ Վաղինակը մենակ ապրել է Գյումրիի իր տանը: Նա հարևանությամբ բնակվող հորաքրոջ որդու՝ տուժող Էդգարի հետ լարված հարաբերությունների մեջ է եղել:
2014 թվականի հուլիսի 17-ին Վաղինակը Էդգարից 5 հազար դրամ է խնդրել: Էդգարը այդ պահին գումար չի ունեցել, մերժել է Վաղինակին:
Նույն օրը, ժամը 17-ն անց 30-ի սահմաններում Վաղինակը իրենց թաղամասում հայհոյել է Էդգարի ընտանիքի հասցեին, դժգոհել է իր ապրելակերպից:
Հաջորդ օրը Էդգարը, իմանալով Վաղինակի հնչեցրած հայհոյանքների մասին, ցանկացել է հանդիպել նրան, պարզաբանում պահանջել, բայց Վաղինակը խուսափել է հանդիպումից:
Հուլիսի 24-ի կեսգիշերին Էդգարն իր մորաքրոջ որդու հետ գնացել է բարեկամի տուն, այնտեղ գարեջուր են խմել: Հետո գնացել են Հաղթանակի պողոտայի մոտ գտնվող պուրակ:
Էդգարը մոտեցել է ցայտաղբյուրին, որ ջուր խմի, մորաքրոջ որդին նստել է քարին:
Անկախության հրապարակում Էդգարը պատահականորեն տեսել է Վաղինակին, պարզաբանում է պահանջել նրա հայհոյանքների համար ու մեկ անգամ ձեռքով հարվածել է Վաղինակի դեմքին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածք:
Վաղինակը, հորաքրոջ որդուն կյանքից զրկելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է նրա որովայնին:
Էդգարը, պաշտպանվելու համար, բռնել է Վաղինակի աջ ձեռքը, որում դանակն էր:
Վաղինակը գլխով հարվածել է Էդգարի դեմքին, ապա դանակով երեք հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև դանակի կոթով հարվածել է գլխին՝ պատճառել է կրծքավանդակի առաջնային աջ մակերեսի ծակած-կտրած, ութերորդ և իններորդ կողերի ու ստոծանու վնասումով վերք, կրծքավանդակի ձախ կողմնային մակերեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող, ձախ թոքի վնասումով վերք, կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի կտրած-ծակած, որովայնի խոռոչ թափանցող և փայծաղի վնասումով վերք, կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի ծակած-կտրած չթափանցող վերք, գլխի սալջարդ վերք, արյունազեղումներ, քերծվածքներ՝ միով բանիվ՝ ծանր վնասվածքներ, որոնց արդյունքում տուժողը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:
Վաղինակ Սարգսյանը դեպքից հետո դիմել է փախուստի, դանակը նետել է գետը, գնացել է իր մորաքրոջ տուն, փոխել է շորերը, մորաքրոջն ասել է, թե վիճել է ինչ-որ մեկի հետ: Վերջում նա կամովին ներկայացել է ոստիկանություն:
Դատարանում Վաղինակ Սարգսյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Նա ասել է, թե դեպքից մի շաբաթ առաջ հարբած է եղել, թաղամասում հայհոյել է, բայց չի հիշում՝ ում հասցեին կամ ինչի համար: Դրանից հետո իմացել է, որ հորաքրոջ որդի Էդգարը իրեն է ման գալիս:
Նա նույնիսկ իր տուն է եկել, ձայն է տվել, որ ինքը տանից դուրս գա, բայց ինքը վիճաբանությունից խուսափելու համար տանից դուրս չի եկել:
Հուլիսի 24-ին ինքը նկատել է Էդգարի «Մերսեդեսը», թաքնվել է նրա տեսադաշտից: Բայց Անկախության հրապարակում, այնուամենայնիվ, պատահաբար հանդիպել է Էդգարին:
Նա մեքենայից իջել է, բռունցքով հարվածել է իր դեմքին: Ինքը հետ-հետ է գնացել, ապա իր մոտ պահած խոհանոցային դանակը, որն ունեցել է 10 սմ բռնակ, 60 սմ երկարություն, 2 սմ լայնությամբ շեղբ, գրպանից հանել է, չորս անգամ հարվածել է Էդգարի մարմնի տարբեր մասերին: Հարվածների հերթականությունը չի հիշում:
Ամբողջը տևել է մոտ տասը վայրկյան: Ականատեսներ չեն եղել:
Հետո ինքը վազելով փախել է դեպի Գեղարվեստի ակադեմիա, իսկ Էդգարը մեքենա է նստել ու ընթացել է դեպի հիվանդանոց: Բայց Նժդեհի փողոցում՝ մարզպետարանի մոտ, նրա մեքենան կանգնել է:
Վաղինակը բացել է վարորդի դուռը, տեսել է, որ Էդգարը անշարժացած հենվել է ղեկին:
Վաղինակը, իր ասելով, վախեցել է, սկսել է վազել, դանակը գետն է գցել, առավոտյան գնացել է մորաքրոջ տուն, շորերը փոխել է, մորաքրոջը ոչինչ չի ասել, կամովին գնացել է ոստիկանություն:
Վաղինակը պնդել է, թե Էդգարին սպանելու դիտավորություն չի ունեցել: Վիճաբանությունը նախաձեռնել է Էդգարը: Ինքը պաշտպանվել է նրանից:
Վաղինակն ասել է նաև, թե զղջում է կատարածի համար, խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:
Տուժողի իրավահաջորդը՝ սպանված Էդգարի մայրը, ամբաստանյալի հորաքույրն էր: Նա ասել է, թե Վաղինակը մի քանի անգամ դատված լինելով՝ շատ վատ, հանցագործ տղա է, ապրել է իրենց տանից մի քիչ վերև ու թափթփված կյանք է վարել:
Ինքն ու որդին հոգ են տարել նրա համար, օգնել են՝ ինչով կարողացել են: Գումար են տվել: Բայց այդ ամենով հանդերձ՝ Վաղինակը չարացած է եղել Էդգարի դեմ, նախանձով է լցված եղել:
Նույնիսկ բարձրաձայն ասել է. «Էդգարը ամեն ինչ ունի՝ կին, երեխա, փող, մեքենա, իսկ ես ոչինչ չունեմ»:
Դեպքից օրեր առաջ Վաղինակը Էդգարից հինգ հազար դրամ է ուզել, բայց այդ պահին Էդգարի մոտ փող չի եղել, նա մերժել է Վաղինակին:
Նույն օրը Վաղինակն իրենց տան մոտ կանգնած բարձրաձայն հայհոյել է, թե ինչո՞ւ իր նման լավ տղեն լույս ու գազ պիտի չունենա: Նա հայհոյել է իրենց՝ ասելով, թե չորս օր է՝ ինքը սոված է, իսկ Էդգարը լավ է ապրում: Նա գոռացել է. «Էդգար, տունդ, ավտոդ չպետք է վայելես… քեզ պիտի սպանեմ…»:
Հորաքույրն ասել է, թե ինքն ամեն բան արել է, որ Էդգարը չլսի Վաղինակի գոռգոռոցը, կանչել է իր քրոջը, միասին Վաղինակին տարել են տուն: Վաղինակը շարունակել է սպառնալիքներ տալ, բայց իրենք լուրջ չեն ընդունել:
Մի քանի օր հետո Էդգարն ասել է. «Մա, տղեքը կսեն, թե Վաղոն զենք է ման գալիս, որ ինձ խփի»: Բայց հորաքույրն ասել է, թե իրենք նորից լուրջ չեն վերաբերվել այդ լուրերին:
Դեպքի օրը Էդգարն աշխատանքից տուն է եկել, հաց է կերել ու դուրս է եկել տանից: Դրանից հետո մայրը որդուն չի տեսել…
Մայրը պնդել է, որ համոզված է՝ Էդգարին Վաղոն է սպանել: Նա պահանջել է, որ Վաղինակը ենթարկվի քրեական պատասխանատվության և ամենայն խստությամբ պատժվի:
Ընդհանուր իրավասության դատարանը գործով ձեռք բերված ապացույցները գնահատելով իրենց համակցության մեջ՝ եզրակացրել է, որ Վաղինակ Սարգսյանը դիտավորությամբ սպանել է իր հորաքրոջ որդի Էդգարին, նա մեղավոր է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Վաղինակ Սարգսյանը դատապարտվել է 12 տարի ազատազրկման: