Մի փաբի պատմություն:
Երիտասարդ մարմինները թախտերին ու ծխին սպասում էին իրենց հերթական ոգելից զոհին։ Հայացքներում չորանում էր սերը։ Շուրթերը կծմծելով` դես ու դեն էին նայում, և հիմնականում մուտքին` ներս մտնող բոլորին, և նաև զուգարանին` դուրս եկող բոլորին։
Երաժշտությունը չէր հասցնում բավարարել նրանց։ Ուզում էին հին, հետո նոր, նորից նոր, ու էլի անցյալի ելևեջներ, որ անընդհատ տաներ ու բերեր` շարժեր մտքերը, նոր պատմություններ հիշեցներ, որ խոսակցությունը շարունակվեր, ցուցադրվեր կողքից ուսումնասիրող հայացքների համար։ Ու խոսում էին օրվա, երեկվա կամ մի քանի ամիս առաջվա դեպքից, հատուկենտ ժպտում–ծիծաղում` շնչելով դարդերից արտանետված մուխը։
Կում-կում ներսում դասավորում էին խմիչքներն ու հյութերը, սուճն ու թեյը, պատում էին անալի, քաղցր կամ աղի կերակուրներով։ Ոմանք կումերից անցել էին ավելիին ու համերին չհետևելով` կուլ էին տալիս հնարավորինս ամեն բան։ Նրանց երաժշտությունը ոտքի էր հանել։
Տխրությունից երջանկություն տրորվում էին մոգական այդ մթնոլորտում` խեղդվելով բազմատարր փոքրիկ տարածքում, փնտրելով մեծահոգի միձույլ նորություն։ Թարմություն էին երազում երիտասարդ մարմինները։