ՀՀ Նախագահի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանին ՌԴ-ի կողմից սպառազինությունների վաճառքն անհանգստացնող հանգամանք է և կարող է վատ ազդեցություն ունենալ Հայաստան-ՌԴ հարաբերությունների վրա, վաղուց հասունացած էր և հանրային լայն շրջանակներում արձանագրված մտահոգություն էր:
Նախագահն, ըստ էության, ի պատասխան ռուս լրագրողի հարցի, բարձրաձայնեց հայ հասարակության մտահոգությունն առ այն, որ սահմանին կանգնած մեր զինվորին սպառնում են ռուսական զենքով:
Ինչքան էլ դա լինի բիզնես, բայց բիզնեսն էլ պետք է կարգավորվի ընդհանուր արժեքներով և դրանցից բխող բարոյական որոշակի նորմերով: 
Եթե մենք և ՌԴ-ն ունենք ընդհանուր արժեքներ՝ միասնական պատմական փորձ, ապագայի նկատմամբ միասնական պատկերացում՝ առնվազն ԵՏՄ շրջանակներում, գտնվում են լեզվամշակութային գրեթե նույն տարածքում, ունենք ընդհանուր գիտակրթական և մշակութային տարածություն, ապա բացարձակապես անհասկանալի և անտրամաբանական է Ադրբեջանին զենք վաճառելը ռուսական պաշտոնյաների կողմից որպես բիզնես ընդունելը և լեգիտիմացնելը:

Հույս ունեմ, որ Նախագահի կողմից խնդրի բարձրաձայնումը կստիպի ռուսական կողմից այլևս մեր հարևանին զենք չվաճառել: Գոնե այդքանը պետք է անեն ռուսները, թե չէ այն, ինչ հիմա է արվում՝ արտոնություններ Հայաստանի քաղաքացիների համար ՌԴ-ում ապրելու և աշխատելու հարցում, օրինակ, իրականում ոչինչ է՝ զինվորի կյանքի հետ համեմատ: Մենք, համենայն դեպս, այդպես չենք ընկալում, որ զինվորի կյանքն է այն գինը, որ հայ հասարակությունը պետք է վճարի ՌԴ-ում ապրելու և աշխատելու իրավունք ստանալու համար:

Հ.Գ. Գուցե ՌԴ-ի համար ռուս զինվորն ու նրա կյանքը արժեք չեն, բայց մեզ համար այլ է. մեզ մոտ ոչ թե զինվորն է միայն ծառայում, այլ այդ ընթացքում նրա ընտանիքն ու ընկերական շրջապատն էլ է նրա հետ ծառայողական ռեժիմով ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել